Վրաստանի խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել Աբխազիայից բռնի տեղահանվածները՝ երկրի իշխանություններից պահանջելով լուծել իրենց բնակարանների հարցը։
«Մեր հիմնական պահանջը բնակարանով ապահովելն է, դրան մենք սպասում ենք 26 տարի: Այստեղ կանգնածներից շատերը մի քանի անգամ դիմել են հարցով, սակայն ստացել են նույն պատասխանը՝ բոլորը փուլ առ փուլ կապահովվեն բնակարանով, ինչը մեզ դեռ չի հասել: Այսօրվա դրությամբ 38 000 ընտանիք դրա կարիքն ունի» — Interpressnews-ին հայտնել է ակցիայի մասնակիցներից Փիքրիա Ցալաձեն։
Նա խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է համարում հանձնաժողովի ձևավորում, որի կազմում կլինեն նաև բռնի տեղահանված քաղաքացիները։ Ցալաձեն վստահեցրել է, որ բնակարանի իրենց հերթին տարիներով սպասող հազարավոր մարդիկ շարունակելու են պայքարը։
Բողոքի ակցիային մասնակցել են նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները: