Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան հայտարարել է, որ իրենք ցանկանում են անդամակցել Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ)։
«Անվերապահորեն Աբխազիայի Հանրապետության վերջնական նպատակը Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցելն է։ Սա է մեր երկրի միջազգային համընդհանուր ճանաչման գործընթացի վերջնական նպատակը։ Այս բոլորը փոխկապակցված են, իհարկե, մենք լիովին հասկանում ենք, որ սա շատ բարդ գործընթաց է»,- ասել է Շամբան:
Նա հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում կաճի այն երկրների թիվը, որոնք «կճանաչեն Աբխազիայի անկախությունը»։
Ի դեպ, Վրաստանը և երկրի միջազգային գործընկերներն Աբխազիան և Հարավային Օսիան դիտարկում են որպես Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված տարածքներ։ Վրաստանի այս երկու շրջանների «անկախությունը» ճանաչում են միայն Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Սիրիան և Նաուրուն։
Պետության ընդունումը որպես ՄԱԿ անդամ կատարվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկությամբ՝ Գլխավոր ասամբլեայի կողմից։
Վրաստանը միացել է ՄԱԿ-ին 1992 թվականի հուլիսին։