
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը մեկնել է Լիբանան և Աֆղանստան։
Նշվում է՝ այցի նպատակը երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների համար պայմաններ ստեղծելն է, առևտրի տներ հիմնելը և հումանիտար կապերի ամրապնդումը Մերձավոր Արևելքի երկրների հետ։
«Աբխազիայի ԱԳՆ-ն մեծ նշանակություն է տալիս Մերձավոր Արևելքի գործընկերների հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը»,- նշված ա տարածած հայտարարությունում։
Ի դեպ, մինչ այդ դե ֆակտո ԱԳ նախարար Ինալ Արձինբան ասել էր, որ «Աբխազիայի ներքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը Մերձավոր Արևելքն է»: Նրա խոսքով, «ակտիվ աշխատանք է տարվում Սիրիայի, Լիբանանի, Աֆղանստանի հետ, իսկ Վրաստանը փորձում է արգելափակել միջազգային հարաբերությունները»:
Հարկ է նշել, որ Լիբանանն ու Աֆղանստանը չեն ճանաչել Վրաստանի օկուպացված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախությունը»։
Նշենք նաև, որ 2023 թվականի փետրվարին Ռուսաստանում Աֆղանստանի դեսպանատան պատվիրակությունն այցելել է օկուպացված Աբխազիա։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, Աֆղանստանում հումանիտար իրավիճակը, ինչպես նաև «Աբխազիայի և Մերձավոր Արևելքի երկրների միջև համագործակցության ընդլայնման ներկա ասպեկտները»։