Վրաստանի խորհրդարանի նախագահ և իշխող կուսակցության քաղխորհրդի անդամ Շալվա Պապուաշվիլին ճեպազրույց է անցկացրել «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում։ Խոսելով հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանքի» պատվիրակների մասնակցության մասին՝ էլեկտրոնային շնորհանդեսում ցույց է տվել Վրաստանի քարտեզը՝ նշելով, որ բոլոր երեսուն ընտրատարածքներում պատվիրակներ են ունեցել, ովքեր հանդիպումներ են ունեցել բնակչության հետ։
Այս տեղեկությունը վիզուալ ներկայացնելու համար Պապուաշվիլին «սլայդի» վրա ցույց է տվել Վրաստանի քարտեզը, որի վրա դժվար տեսանելի էր Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի շրջանները՝ Աբխազիան և Հարավային Օսիան (Ցխինվալի)։
Այնուհետ Պապուաշվիլին «սլայդի» վրա ներկայացրել է «դատարկ թերթիկ», որտեղ, ըստ նրա, պատկերված են շրջաններում ընդդիմության պատվիրակների անցկացրած հանդիպումները։ Խորհրդարանի նախագահը նշել է՝ քանի որ ընդդիմությունը պատվիրակներ չուներ, հետևաբար՝ չեն հանդիպել բնակչության հետ:
Էլեկտրոնային քարտեզը, որի վրա հեշտ ընկալելի չէր Վրաստանի ողջ տարածքը, բացասական արձագանքներ է ստացել սոցցանցում։
Վրաստանի «Քրեական օրենսգրքում» 2020 թվականի փոփոխության համաձայն՝ էլեկտրոնային քարտեզի օգտագործումը, որը խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Քրեական օրենսգիրք, հոդված 343 (1). Վրաստանում Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի խախտումը պատկերող էլեկտրոնային քարտեզի կամ դրա տպագիր հրատարակության պատրաստում, գովազդում, օգտագործում, ներմուծում, փոխադրում, արտահանում կամ վաճառք՝ Վրաստանի տարածքային ամբողջականության մասին ոչ ճիշտ տեղեկատվություն տարածելու նպատակով՝ պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Մինչ ճեպազրույցի ավարտը Պապուաշվիլին, ի պատասխան լրագրողի հարցին, բացատրել է, թե ինչու է շնորհանդեսին օգտագործել քարտեզը, որը հարցեր է առաջացրել։
Լրագրողը խորհրդարանի նախագահին հարցրել է. «Ժամանակավոր օկուպացված տարածքները մգեցված չեն (քարտեզի վրա-հեղ.)։ Այս ամենը հարցեր առաջացրեց, քանի որ այս քարտեզը պատկերված է առանց ժամանակավոր օկուպացված տարածքների։ Բնականաբար, Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքներն արտացոլող էլեկտրոնային քարտեզ է։ Հասարակության արձագանքին կարող եք ծանոթանալ սոցիալական ցանցերում։ Բացի այդ, այս տեսակի քարտեզի օգտագործումը պատժվում է օրենքով: Ինչո՞ւ որոշվեց օգտագործել նման քարտեզ»։
Պապուաշվիլին հակադարձել է լրագրողին՝ հարցնելով. «Խոստովանիր, ո՞վ է քեզ համար գրել այս հարցը»։ Դրանից հետո Պապուաշվիլին խոսել է վիճելի քարտեզի մասին. «Ինչպես գիտեք, մենք չենք կարող ընտրություններ անցկացնել օկուպացված տարածքներում, հետևաբար, օկուպացված տարածքներում պատվիրակներ չեն եղել, ուստի՝ այստեղ այն ընտրատարածքներ են, որտեղ ներկայացված են եղել պատվիրակները, որտեղ ընտրություններ են անցկացվել: Օկուպացիայի պատճառով Վրաստանի ողջ տարածքում ընտրություններ չեն անցկացվում: Եթե ինչ-որ մեկը գունային ընկալման խնդիր ունի, ապա ես նրան կոչ եմ անում դիտարկել՝ Վրաստանի այն հատվածները, որոնք օկուպացված են, ցուցադրված են մոխրագույնով, շրջակա, ոչ վրացական տարածքները՝ սպիտակ։ Սա էլ ցույց է տալիս, թե ինչ ամոթալի մարդկանց հետ գործ ունենք։ Նրանք, ովքեր դա անում են, ուղղակի այս երկրի զավակներ չեն, իմ գնահատմամբ»:
Նշենք, որ 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական պատերազմից հետո միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքները՝ Հարավային Օսիան և Աբխազիան, ճանաչելով այդ շրջանների «անկախությունը»: