Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը Աբխազիայի կողմից փետրվարի 26-ին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելուց հետո դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։
Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ «ներկայումս պատրաստվում է բարեկամության և համագործակցության միջկառավարական համաձայնագրի նախագիծ, որը հիմք կհանդիսանա Աբխազիայի Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միջև պայմանագրային-իրավական հիմքի ձևավորման համար»։
«Աբխազիայի Հանրապետությունը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը աջակցում են Ռուսաստանի Դաշնությանը, որը ձգտում է Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապապետականացմանը»,- ասված է Աբխազիայի դե ֆակտո ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշենք, որ Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը փետրվարի 26-ին ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը։
Աբխազիան որոշումը կայացրել է, երբ Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների անկախությունը։ Ուկրաինայի երկու շրջանները, որպես անկախ պետություններ արդեն ճանաչել է նաև դե ֆակտո Հարավային Օսիան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ի լուսադեմին պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ։ Ներխուժմանը նախորդել էր Ռուսաստանի նախագահի կողմից Ուկրաինայի անջատողական Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը։