Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան արձագանքել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և անհրաժեշտության դեպքում օգնություն առաջարկել Դոնբասի բնակչությանը։
«Մենք մտահոգությամբ ենք հետևում Դոնբասում տեղի ունեցող իրադարձություններին։ Մտահոգիչ է ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով առաջացած էսկալացիան, որը խրախուսվում է Արևմուտքի կողմից», — ասել է Բժանիան։
Ըստ Բժանիայի՝ «Աբխազիան մշտական կապի մեջ է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների կառավարությունների հետ», որոնք, ըստ նրա, ստիպված են եղել մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին.
«Աբխազ ժողովուրդը, որը դիմացել է պատերազմի դաժանությանը, աջակցում է Դոնբասի ժողովրդին այս դժվարին պահին։ Ավելին, եթե անհրաժեշտ լինի, Աբխազիայի Հանրապետությունը պատրաստ է ռազմական և հումանիտար օգնություն ցուցաբերել Դոնբասին»։
Նշենք, որ փետրվարի 18-ին Ուկրաինայի կողմից չվերահսկվող Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին բնակչությանը Ռուսաստան՝ Ռոստովի շրջան տարհանելու մասին։ Վերջիններս պնդում են, թե Կիևը հարձակում է ծրագրում այդ տարածքների վրա։ Պաշտոնական Կիևը հերքել է տեղեկությունը՝ չբացառելով, որ Մոսկվան այս պատրվակով լայնածավալ հարձակում կձեռնարկի Ուկրաինայի վրա։
Արևմտյան երկրներն արդեն մի քանի շաբաթ է խոսում են Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքի մասին, իսկ փետրվարի 18-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է՝ Վլադիմիր Պուտինն արդեն ընդունել է Ուկրաինայի վրա հարձակվելու որոշումը։ Մոսկվան, սակայն, շարունակում է կտրականապես հերքել Ուկրաինայի վրա ծրագրվող հարձակման մասին պնդումները։