Աբխազերենի օրվա կապակցությամբ հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին այցելել է Աջարիայի Խելվաչաուրի մունիցիպալիտետի Փերիա գյուղ, որտեղ վրացիների հետ միասին ապրում են աբխազ ներգաղթյալներ։
Պետնախարարը հանդիպումներում խոսել է Աբխազիայի օկուպացման և ուժեղացված ռուսաֆիկացման պայմաններում աբխազերենի պահպանման և հանրահռչակման կարևորության մասին։
«Աբխազերենի օրը մենք նշում ենք Փերիա գյուղում, որտեղ ապրում են 19-րդ դարում Ռուսական կայսրության կողմից աքսորված աբխազների ժառանգները, որոնց երեխաները վրացի հասակակիցների հետ սովորում են աբխազերեն։
Աբխազերենի պաշտպանությունը մեր պարտավորությունն է, որը ամրագրված է նաև սահմանադրությամբ, հետևաբար, մեր քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։ Այն առանձնահատուկ կարևորություն ունի մեր օրերում՝ հաշվի առնելով, որ այսօր ավելի քան երբևէ աբխազերենն օկուպացված Աբխազիայում ռուսացման ֆոնին կանգնած է ոչնչացման վտանգի առաջ», — նշել է նախարարը։