Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին աբխազերենի օրվա առթիվ։
Ղարիբաշվիլին նշել է, որ աբխազերենը` վրացերենի հետ միասին, պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ և ընդհանուր լեզվական գանձարանի անբաժանելի մասն է։
«Բոլորին, ում համար մեր ընդհանուր հարստության՝ աբխազական լեզվի և մշակութային ինքնության պաշտպանությունն ու պահպանումը կարևոր արժեք և պատասխանատվություն են, շնորհավորում եմ աբխազերենի օրվա առթիվ»,- ասել է վարչապետը:
Ըստ Ղարիբաշվիլիի, Վրաստանի կառավարությունը շարունակում է արդյունավետ քայլեր ձեռնարկել աբխազերենի գիտական ուսումնասիրության, զարգացման և հանրահռչակման ուղղությամբ։
«Այդ ջանքերն առանձնահատուկ նշանակություն են ստանում աբխազական շրջանի օկուպացիայի և տեղում սրված ռուսաֆիկացման պայմաններում, որն այսօր, առավել քան երբևէ, անհետացման վտանգի տակ է դնում աբխազերենը։
Չափազանց կարևոր է մեր աբխազ հայրենակիցների հետ համատեղ ջանքերի գործադրումը՝ փրկելու և պահպանելու համար եզակի աբխազերենը, ավելի շատ երիտասարդների ոգևորելու, որ սովորեն այդ լեզուն, նաև աբխազերենը դարձնելու կապերի հետագա ամրապնդման ու կառուցման գործընթացում նոր հնարավորությունների լեզու։ Еицыхахьчап аҧсуа бызшаа! Եկեք միասին պաշտպանենք աբխազերենը»,- ասել է Ղարիբաշվիլին։