«Ստացված տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս նշել, որ Վրաստանի գործող իշխանությունը, չնայած մեծ ճնշմանը, առարկայապես է գնահատում իրավիճակը և չի խոսում Ռուսաստանի հետ «երկրորդ ճակատի» բացման սադրանքների մասին»,- Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո անվտանգության ծառայության ղեկավար Ռոբերտ Կիուտը այսպես է արձագանքել «երկրորդ ճակատի» վերաբերյալ Մոսկվայից հնչած հայտարարությանը։
Կիուտը նշել է՝ աբխազական կողմը «անընդհատ տեղեկատվություն է ստանում, մշակում և սերտորեն համագործակցում Ռուսաստանի հետ»։ Չնայած դրան, ըստ Կիուտի՝ Սոխումին ակտիվորեն աշխատում է նաև մարտական պատրաստության և աշխատակիցների տեխնիկական հագեցվածության ուղղությամբ։
Ապրիլի 4-ին Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը կրկին անդրադարձել էր Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու ռիսկերին։
«Մենք տեսնում ենք Վաշինգտոնի, Բրյուսելի և Լոնդոնի համառ ջանքերը՝ վրացական իշխանություններին համոզելու այսպես կոչված երկրորդ ճակատ բացելու անհրաժեշտության ուղղությամբ: Նրանք տեսնում են, որ մարտադաշտում իրավիճակը չի լուծվում հօգուտ Ուկրաինայի։ Ըստ այդմ, Արևմուտքը վստահեցնում է Թբիլիսիին, որ այժմ հարմար պահ է Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար»,- ասել է Նարիշկինը:
Հարկ է նշել, որ պատերազմը սկսվելուց հետո «երկրորդ ճակատը» դարձել է Վրաստանում իշխանության և ընդդիմության բանավեճի թեման։ Իշխանության ներկայացուցիչները պարբերաբար անդրադառնալով հարցին՝ ընդդիմությանը մեղադրում են Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու, Ռուսաստանի հետ «երկրորդ ճակատ» բացելու փորձերի մեջ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, «երկրորդ ճակատի» բացման թեման շինծու է և կեղծ, կառավարությունը, ըստ նրա, հարցն անընդհատ արծարծելով, փորձում է դրանով ճնշում գործադրել քաղաքացիների վրա։
Նշենք նաև, որ բացի Վրաստանից և Ռուսաստանից, «երկրորդ ճակատի» ռիսկերը պարբերաբար քննարկվում են Վրաստանից չվերահսկվող Սոխումում և Ցխինվալիում։