Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Շամբան հայտարարել է, որ ափամերձ քաղաքում՝ Օչամչիրեում, չի նախատեսվում ռուսական ռազմածովային բազա ստեղծել, այնտեղ տեղակայված են սահմանային նավակներ:
Շամբայի խոսքով, Սև ծովը կրկին դարձել է լարվածության տարածաշրջան, «ավելի ու ավելի հաճախ են հայտնվում ՆԱՏՕ-ի նավերը, այնտեղ թռչում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռները»։
«Մենք չենք կարող չանհանգստանալ դրա համար: Մեզ անհանգստացնում է նաև այն, որ Սև ծովում ռազմական գործողություններ են ընթանում»,- ասել է Շամբան:
Նշենք, որ օրերս՝ առցանց Bellingcat-ի հետաքննող լրատվամիջոցը գրել էր, որ Ռուսաստանն սկսել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ափամերձ քաղաքում՝ Օչամչիրեում, ռուսական ռազմական և ռազմածովային ուժերի մշտական բազայի կառուցումը: Ըստ Bellingcat-ի ուսումնասիրած արբանյակային պատկերների՝ շինարարական գործունեությունն արագացել է 2024 թվականի սկզբից, նկատվել է մի քանի նոր շինություն:
Հիշեցնենք, որ Օչամչիրե քաղաքի նավահանգստում հուլիսի 10-ին ռուսական ռազմանավ էր հայտնվել:
Ի դեպ, Օչամչիրեում ռուսական ռազմանավի հայտնվելու նախապատմությունը 2023 թվականի հոկտեմբերին հայտարարված Ռուսաստանի ցանկությունն է՝ այնտեղ մշտական ռազմածովային բազա բացել և ռազմական նավատորմ տեղակայել։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հայտարարել էր, որ Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային մշտական բազա կստեղծվի:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) իր մտահոգությունն է հայտնել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային նավատորմի բազան տեղակայելու հեռանկարի առնչությամբ։ ԱԳՆ-ն նշել է՝ նմանատիպ գործողությունները «հերթական սադրիչ փորձն են՝ ուղղված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անօրինական օկուպացիայի օրինականացմանը»։
Վրաստանի քաղհասարակությունը և վերլուծաբանները Մոսկվայի այս քայլը քննադատել են: Ըստ նրանց՝ ռուսական սևծովյան նավատորմը և դրա ենթակառուցվածքն ուկրաինացիների հարվածների պատճառով են տեղափոխվում Վրաստան. դրանք տեղակայվելու են Վրաստանից չվերահսկվող Գուդաութայում, Սոխումիում և Օչամչիրեում: