Այսօր՝ ապրիլի 10-ին, Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո իշխանությունները բացել են Էնգուրիի կամուրջը, որն Աբխազիան կապում է Վրաստանին, գրում է RadioTavispleba-ն:
Ըստ տեղեկության, քաղաքացիները կարող են անցնել Էնգուրի կամրջով, որը միացնում է Վրաստանից չվերահսկվող Գալիի շրջանի գյուղերը Վրաստանից վերահսկվող Զուգդիդիի մունիցիպալիտետի հետ, և Սաբերիո-Փախուլանի «անցակետը», որը գտնվում է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Գալիի շրջանի և Վրաստանից վերահսկվող Սամեգրելոյի Ծաթենջիխայի մունիցիպալիտետի վարչական սահմանին։
Ի դեպ, Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը կոչ էր արել ապրիլի 7-ի առավոտից փակել Աբխազիան Վրաստանին կապող բոլոր «անցակետերը»:
Ապրիլի 7-ին Կրեմլի կողմից վերահսկվող լրատվամիջոցները տարածել են Աբխազիայի դե ֆակտո հանրապետության անվտանգության ծառայության պարզաբանումը, թե պատճառը Վրաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակն է։ Թե կոնկրետ ինչի մասին էր խոսքը, պարզ չէր այս հաղորդագրությունից։ Օկուպացված Գալիի շրջանի որոշ բնակիչներ արգելքը կապում են ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիայի հետ: