Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսանդր Նովակի հետ քննարկել է «բնակարանների օրենք»-ին դեմ արտահայտվող «պատգամավորներին» Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հարցը։ Այդ մասին տեղեկություն են տարածել աբխազական ընդդիմադիր RESPUBLICA և «Աբխազական պորտալ» տելեգրամյան ալիքները:
Օրենքի նախագիծը, որը նախատեսում էր Ռուսաստանի օկուպացրած շրջանի արևելյան հատվածում մինչև 10 հազար բնակարան կառուցել և օտարերկրացիներին վաճառել, շաբաթներ առաջ էր հետ կանչվել դե ֆակտո խորհրդարանից:
Բացի այդ, Բժանիայի և Նովակի հանդիպման արձանագրության համաձայն, որի իսկությունը հաստատված չէ, Մոսկվան մտադիր է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցնել ֆինանսական օգնությունը Աբխազիային, քանի դեռ աբխազական կողմը չի կատարել հետևյալ պարտավորությունները.
- տնտեսական հարցերի վերաբերյալ դատարանների և արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին համաձայնագրի վավերացում,
- Ռուսաստանի իրավաբանական անձանց կողմից Աբխազիայի տարածքում ներդրումային ծրագրերի իրականացման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու ապահովում,
- առևտրային անշարժ գույքի շուկայում (բնակարաններ) ռուս ներդրողների համար սահմանափակումների վերացում,
Բացի այդ, Մոսկվան մտադիր է Պետդումային և Դաշնության խորհրդին կոչ անել նվազագույնի հասցնել «շփումները աբխազ խորհրդարանականների հետ՝ Ռուսաստանի հանդեպ պարտավորությունների կատարման նկատմամբ նրանց ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով»։
Նշենք, որ պաշտոնական վերտառութամբ «Օչամչիրեի, Տկղվարչելիի և Գալիի շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բարձրացման միջոցառումների մասին» օրինագիծը Աբխազիայում բողոքի ցույցերի պատճառ էր դարձել:
Դե ֆակտո իշխանության քաղաքական ընդդիմախոսները պնդում էին, որ օրենքի ընդունումը «ժողովրդագրական ական կլինի պետության հիմքում»։ Օրենքի ընդունմանը դեմ են արտահայտվել տեղական «հասարակական միավորումները»:
Այսպես կոչված՝ բնակարանների մասին օրենքի ընդունմանը դեմ հանդես եկող «Մեր Բիճվինթա» երիտասարդական շարժումը հայտարարել է, որ օրինագծի հետկանչը ժամանակավոր որոշում է, ուստի անմիջապես պահանջում են երաշխիքներ և մորատորիում հայտարարել։