Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի խոսքով՝ Աբասթումանիում կառուցվող շրջանցիկ ճանապարհը, որի շինարարությունը կավարտվի մինչև 2023 թվականը, հնարավորություն կտա առողջարանային համալիրի լիարժեք զարգացմանը։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը շարունակում է Աբասթումանիի շրջանցիկ 16 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը։ Նախարարության տեղեկատվության համաձայն՝ ներկա պահին ճանապարհի 7 կմ հատվածում ընթանում է 3 նոր կամուրջների շինարարությունը։
Շրջանցիկ ճանապարհի կառուցումը եզակի հանգստավայրը կազատի ծանրաբեռնված երթևեկությունից։ Կպահպանվի ոչ միայն Աբասթումանիի էկոլոգիական վիճակը, այլև կամրապնդվի կապը երկու շրջանների՝ Իմերեթիի և Սամցխե-Ջավախեթիի միջև: Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 44,7 մլն լարի։
«Ճանապարհի շինարարությունը կավարտվի մինչև 2023 թվականի վերջ։ Ի վերջո, նշված ճանապարհի կառուցման արդյունքում Քութայիսիի օդանավակայանից Աբասթումանի հնարավոր կլինի 4 ժամի փոխարեն հասնել 2,5 ժամում, ինչը էապես կնպաստի նաև մարզերի միջև կապի զարգացմանը և զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը»,- ասել է Իրակլի Կարսելաձեն։