Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարություն է տարածել՝ կապված Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում շփման գծի երկայնքով ռուսական ուժերի ձեռնարկած գործողությունների հետ։
Նշվում է, որ շփման գծի երկայնքով անօրինական գործողությունները բարդացնում են իրավիճակը, ինչի ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։
«Մենք դատապարտում ենք վերջին օրերին բռնազավթած տարածքում՝ օկուպացիոն գծի երկայնքով ռուսական օկուպացիոն ուժերի կողմից իրականացված ապօրինի սադրիչ գործողությունները։ Այս տարվա հունվարին ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանում՝ օկուպացիոն գծի երկայնքով, իրականացրել են ապօրինի սահմանազատում և այլ տեսակի անօրինական գործողություններ», — ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ ՊԱԾ-ը բացահայտում է յուրաքանչյուր անօրինական գործողություն Գորիի Մեջվրիսխևի գյուղում և շրջակայքում, ինչպես նաև Ջարիաշենի գյուղի երկայնքով գտնվող շփման գծում.
«Այս միջադեպի, ինչպես նաև Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից իրականացված սադրիչ մյուս գործողությունների կապակցությամբ ակտիվացվել է թեժ գիծ, այդ մասին տեղեկատվություն է տրամադրվել Վրաստանում ԵՄ առաքելությանը և ժնևյան ձևաչափով բանակցությունների համանախագահներին, ինչպես նաև մեր միջազգային գործընկերներին»։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ինչպես այս հարցերը, այնպես էլ օկուպացիոն ուժերի ապակառուցողական գործունեության այլ բացահայտված փաստերը մեկտեղվել են, կենտրոնական կառավարությունը դրանք բարձրացրել է այս տարվա հունվարի 20-ին Էրգնեթիում տեղի ունեցած միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի 104-րդ նիստում: