Georgian Airways-ի կողմից այսօր նախատեսված Թբիլիսիից Մոսկվա ուղիղ, մեկանգամյա չարտերային չվերթը չեղարկվել է։ Այս մասին հայտնում է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
Ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին հայտարարել է՝ չեղարկման պատճառը համաճարակաբանական բարդ իրավիճակն է և լրագրողների կողմից ստեղծված իրարանցումը։
«Վարակվածների թիվը կրկնապատկվել է, որի պատճառով էլ չեղարկվել է թռիչքը։ Այս չվերթի չեղարկման հարցում շատ մեծ դեր է խաղացել նաև լրագրողների կողմից ստեղծված աժիոտաժը։ Նկատի ունեմ, որ չարտերային չվերթը տարբեր ուղղություններով է իրականացվում, ինչ կլիներ, եթե այս թռիչքն ավարտվեր Մոսկվայում»,- ասել է Գաիաշվիլին։
Ընկերության ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել էր, թե Թբիլիսիից Մոսկվա ուղիղ, մեկանգամյա չարտերային չվերթը պատվիրել են գործարարները։
Ըստ Գաիաշվիլիի, եթե ապագայում պատվեր լինի, ապա հնարավոր է, որ նմանատիպ թռիչքներ նորից նախատեսվեն և իրականացվեն։
Նշենք, որ Georgian Airways-ը թռիչքի մասին տեղեկությունը սկզբում հրապարակել էր ֆեյսբուքյան իր էջում, սակայն ավելի ուշ հեռացրել էր այն։ Գաիաշվիլին պարզաբանել էր, թե թռիչքի մասին լուրը տեղեկատվական բնույթի է եղել։
Հատկանշական է նաև, որ Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթի բոլոր տոմսերը վաճառվել էին։ Չարտերային թռիչքի տոմսերի գինը սկսվում էր 718 լարիից (մոտ 240 դոլար), հակառակ ուղղությամբ՝ 620 լարիից (մոտ 200 դոլար)։
Հունվարի 28-ին ինքնաթիռը Թբիլիսիի օդանավակայանից ժամը 10:00-ին պետք է մեկներ և վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում՝ Մոսկվայի ժամանակով 11:30-ին: Ինքնաթիռը հետ էր թռչելու Մոսկվայի ժամանակով 12:30-ին։ Թռիչքը իրականացվելու էր Boeing 737 ինքնաթիռով։