Հունվարի 27-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 110 168-ի: Մեկ օրում արձանագրվել է 17 484 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում էր 23.87%:
Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Թբիլիսիում, Աջարիայում և Իմերեթում, ամենաքիչը` Ռաճա-Լեչխումիում, Քվեմո Սվանեթիում և Սամցխե-Ջավախեթիում։ Երկրում հայտնաբերված վարակի 17 484 նոր դեպքից 8 989-ը գրանցվել էր Թբիլիսիում:
Հունվարի 27-ի դրությամբ՝ Վրաստանում ընդհանուր հաշվով իրականացվել է 2 մլն 686 հազար 220 պատվաստում:
Հունվարի 24-ի գիշերը ծեծի ենթարկված, հաշմանդամություն ունեցող անչափահաս Լևոն Համբարձումովն ապրում է ծայրահեղ վատ պայմաններում: Ըստ տեղեկությունների՝ Թբիլիսիի մետրոյում ծեծի ենթարկված անչափահասի գործով մեղադրվող երկու ոստիկանները կմնան կալանքի տակ:
Այսօր՝ հունվարի 28-ին վրացական Georgian Airways ավիաընկերությունը կիրականացնի Թբիլիսիից դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթ։ Այս մասին հայտնել էր Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը՝ ընդգծելով, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթները չեն վերականգնվել և սա մեկանգամյա պլանավորված չվերթ է։
Հունվարի 27-ին շարունակվեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Հանդիպման ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է արդարադատության բնագավառում համագործակցության հուշագիր։
Վրաստանի արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Բրեգաձեն Հայաստան կատարած այցի շրջանակներում եղել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Գերատեսչության տվյալներով՝ արդարադատության նախարարը ստուգել է ենթակառուցվածքները, զրուցել «Արմավիր» քրեակատարողական բանտում իրենց պատիժը կրող Վրաստանի քաղաքացիների հետ։
Երեկ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՎԱՕԿ) հաստատեց XXIV ձմեռային օլիմպիական խաղերին Վրաստանի օլիմպիական պատվիրակության կազմը։ Ավելին կարող եք կարդալ այստեղ:
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) և Վրաստանի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) կողմից երեկ հրապարակվեցին մի շարք ուսումնասիրությունների արդյունքներ:
Ըստ հարցումների՝ Վրաստանի բնակչության մեծամասնությունը (50 տոկոսը) չգիտի կամ չի նշել, թե որ կուսակցությունն է առավել մոտ իր հայացքներին: Հարցման արդյունքներով լավագույն ցուցանիշն ունի «Վրացական երազանքը»։ Հարցվածների 24 տոկոսն այն համարել է իր տեսակետներին ամենամոտ կուսակցություն։ Ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ազգային շարժումը» 2,5 անգամ ցածր (9%) արդյունք ունի։
Հարցման համաձայն՝ Վրաստանի ներկայիս վարչապետի վերջին մեկ տարվա գործունեության գնահատականը վատթարացել է։ Եթե 2020 թվականի դեկտեմբերին Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի գործունեությունից գոհ էր հարցվածների 46 տոկոսը, ապա 2021 թվականի դեկտեմբերին գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 27 տոկոս։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության մեծ մասը դժգոհ է տարբեր ղեկավարների կամ հաստատությունների գործունեությունից։
NDI-ի ուսումնասիրությունների համաձայն՝ Վրաստանում զգալիորեն վատթարացել են նաև աղքատության և հանցավորության ընկալումները: Մասնավորապես, հարցվածների 75%-ը կարծում է, որ վերջին 10 տարում աղքատության մակարդակը խորացել է, 58%-ի կարծիքով էլ աճել է հանցագործությունների թիվը։ Ըստ NDI-ի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընտրողների 51 տոկոսի կարծիքով է աղքատության մակարդակը խորացել, մինչդեռ ընդդմիադիր ուժերի համակիրների 88 տոկոսն է այդ կարծիքին։
Վրաստանի բնակչության մեծ մասը դեռ կողմ է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալուն։ Վրաստանի` Եվրամիության անդամ դառնալուն կողմ է արտահայտվել հարցվածների 83%-ը, դեմ՝ 8%-ը, իսկ 3%-ը դժվարացել է պատասխանել։ Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն կողմ է հարցվածների 77%-ը, դեմ՝ 11%-ը, 12%-ը դժվարացել է պատասխանել։
NDI-ի մեկ այլ հետազոտության համաձայն՝ հարցվածների մեծ մասը կարծում է, որ Վրաստանը զարգանում է սխալ ուղղությամբ։
Հետազոտություններից մեկի համաձայն էլ՝ Վրաստանի բնակչության 42%-ն ասել է, որ չի պատրաստվում պատվաստվել։
Նշենք, որ հարցումն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-13-ը՝ Վրաստանի ողջ տարածքում: Հեռախոսային հարցմանը մասնակցել է 2099 չափահաս բնակիչ:
Հարցման միջին սխալի սահմանը +/- 1,4 տոկոս է։ Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով։
Manifest.ge կայքում, որտեղ քաղաքացիները տարբեր պահանջներ են ներկայացնում, ստորագրահավաք է ստեղծվել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի: Տեքստի հեղինակները խորհրդարանին ու կառավարությանը կոչ են արել ուժեղացնել «Վրաստանի ներդրումը Ուկրաինայում ռուսական ռազմական միջամտության կանխման գործում»։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ որոշ ընդդիմադիրներ իրենց օրակարգը տեսնում են Ուկրաինային սատարող բանաձևում միայն: Ըստ Պապուաշվիլիի՝ ընդդիմության որոշ անդամներ բովանդակության փոխարեն միայն ձևերի մասին են մտածում:
«Իմ գնահատմամբ՝ ցավալի է, որ իմ որոշ ընդդիմադիր գործընկերներ նույնիսկ Ուկրաինային վերաբերող այս կարևոր բանաձևում ավելի շատ են տեսնում իրենց և իրենց քաղաքական խմբի օրակարգը, քան Ուկրաինան և այն մարտահրավերը, որն ունի այդ երկիրը»,- ասել է Պապուաշվիլին։
Ուկրաինային աջակցելու բանաձևի մասին խոսել է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ գնահատելով ընդդիմության բացասական վերաբերմունքը «Վրացական երազանքի» պատրաստած տեքստի նկատմամբ։
«Մենք գործ ունենք քաղաքական մանիպուլյացիաների հետ, և ես կցանկանայի, որ Վրաստանի խորհրդարանը միասնական բանաձև ընդուներ՝ հիմնված կոնսենսուսի վրա»,- ասել է Զալկալիանին:
Ըստ Զալկալիանիի՝ կառավարության ներկայացրած տեքստում հիմնական պնդումն էր թույլ չտալ իրավիճակի հետագա սրում, քայլեր ձեռնարկել այն կանխելու համար և անել հնարավոր ամեն ինչ՝ կասեցնելու պատերազմը, ինքնիշխան երկիր ներխուժումը և դրա հիմնարար սկզբունքների խախտումը։
Խոսելով գոյություն ունեցող ռուսամետ խմբավորումների մասին, Զալակիանին ասել է, որ որևէ ուժ, մարդկանց մի խումբ, չի կարող լուրջ ազդեցություն ունենալ Վրաստանի ձևավորման, քաղաքականության վրա: Նրա խոսքով, այդ խմբերը հասարակության կողմից ոչ մի աջակցություն չունեն, և դա հաստատում են Վրաստանում վերջին ընտրությունների արդյունքները։
Երեկ հայտնի դարձավ նաև, որ Թբիլիսիի քաղաքային ավտոբուսներում վարորդի խցիկի մոտ գտնվող արգելապատնեշը հանվել է, ինչը նշանակում է, որ ուղևորները կարող են տրանսպորտից օգտվել արդեն նաև մուտքի դռնից։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ քաղաքապետարանը դիմել է միջգերատեսչական խորհրդին՝ վերոնշյալ սահմանափակումը վերացնելու առաջարկով, ինչին խորհուրդը համաձայնել է։