Վաղը, հունվարի 28-ին վրացական Georgian Airways ավիաընկերությունը կիրականացնի Թբիլիսիից դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթ։ Այս մասին հայտնում է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը՝ ընդգծելով, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթները չեն վերականգնվել և սա մեկանգամյա պլանավորված չվերթ է։
«Հունվարի 28-ին նախատեսված Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթը մեկանգամյա չարտերային թռիչք է, որի իրականացումը չի պահանջում համապատասխան գերատեսչություններից որևէ կանոնակարգի փոփոխություն»,- հայտնել են գործակալությունը։
Այս պահին Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթի բոլոր տոմսերն արդեն վաճառվել են։ Չարտերային թռիչքի տոմսերի գինը սկսվել է 718 լարիից (մոտ 240 դոլար), հակառակ ուղղությամբ՝ 620 լարիից (մոտ 200 դոլար)։
Հունվարի 28-ին ինքնաթիռը Թբիլիսիի օդանավակայանից կմեկնի ժամը 10:00-ին և վայրէջք կկատարի Վնուկովո օդանավակայանում՝ Մոսկվայի ժամանակով 11:30-ին: Ինքնաթիռը հետ կթռչի Մոսկվայի ժամանակով 12:30-ին։ Թռիչքը կիրականացվի Boeing 737 ինքնաթիռով։
Հիշեցնենք, որ վերոնշյալ ավիաթռիչքն իրականացնող Վրացական Georgian Airways ավիաընկերությունը վաճառվում է 150 մլն դոլարով։ Տեղեկությունը տեղադրված է վրաց-ամերիկյան Business Brokerage ասոցիացիայի կայքում, որի հիմնադիրը ավիաընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիան է։