2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ, Վրաստանում գրանցված է 6 հազար 65 ՄԻԱՎ-վարակակիր, որոնցից 4 հազար 508-ը տղամարդիկ, հազար 557-ը՝ կանայք: Ինֆեկցիոն ախտաբանության պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի եւ կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնից տեղեկացնում են, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 663-ով:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ վարակակիրների մեծամասնությունը 29-ից 40 տարեկան է: ՁԻԱՀ-ը զարգացել է 3 հազար 399 տղամրդու մոտ, նրանցից 1201-ը մահացել է: Կենտրոնի տվյալներով, այսօր արդյունավետ բուժում է ստանում 3 հազար 550 մարդ, նրանցից 401-ը՝ Աբխազիայում:
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որ ՄԻԱՎ-ը համարում է գլոբալ խնդիր, նշում է, որ մինչ օրս հիվանդությունը խլել է ավելի 30 միլիոն մարդու կյանք։
ՄԻԱՎ-ով վարակվել հնարավոր է սեռական ճանապարհով, վարակված արյան միջոցով, վարակ ունեցող մորից, չախտազերծված բժշկական պարագաների օգտագործմամբ:
Ամենամեծ թվով ՄԻԱՎ-վարակակիրներ գրանցվել են Թբիլիսիում՝ 2072 մարդ, մայրաքաղաքին հետևում է Սամեգրելոն (811), Իմերեթին (781) և Աջարիան (697):
Վրաստանի կառավարությունը հայտարարում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխնխարգելումն ու բուժումը առաջնահերթ ծրագրերից է, որի լուծումը հնարավոր է պետական և հասարակական կառույցների միասնական ուժերով, տեղեկացնում է «netgazeti.ge» պարբերականը: