Հունվարի 26-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 092 684-ի: Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 17 530 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 977 832 մարդ։
Միևնույն ժամանակ, ըստ Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլի՝ հոսպիտալացման մակարդակը 20%-ից իջել է 4,5%-ի։ Նախարարի խոսքով՝ մոբիլիզացված է ավելի քան 8000 մահճակալ, վերջին երկու շաբաթվա ընթացքում զբաղեցվել է 4300-ից 4500-ը, ինչն Ազարաշվիլիի խոսքով դրական գործոն է։
Ալերգոլոգ-իմունաբան, «Նեոլաբ» կլինիկայի տնօրեն Գիորգի Կամկամիձեն վստահեցնում է Վրաստանում որոշակի իմունային շերտ կստեղծվի, ինչը կդառնա պանդեմիան ավարտի պայմանը։ Միևնույն ժամանակ նա ասել է․ «Վիրուսը ոչ մի տեղ չի գնա, և մեզ անընդհատ անհրաժեշտ կլինի պարբերաբար պատվաստումներ անել»։
Վրաստանի Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտարարեց, որ Վրաստանում աշխատում են մի մեխանիզմի վրա, որը քաղաքացիներին թույլ կտա կորոնավիրուսից բուժվելուց հետո «կանաչ անձնագիր» ունենալ, նույնիսկ, եթե, վարակը թեստով հաստատված չի եղել։ Ըստ նրա՝ աշխարհում ևս նման փորձ կա։ Նախարարի խոսքով՝ կան տարբեր մեխանիզմներ, թե ինչպես քաղաքացիները կարող են մուտք գործել «կանաչ անձնագրի» տվյալների բազա։
Երեկ պարզ դարձավ, որ մեկնարկել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի այցը Հայաստան։ Այս մասին հայտնեց Վրաստանի արդարադատության նախարարությունը՝ ընդգծելով, որ Վրաստանը հարևան երկրի հետ կիսում է բարեփոխումների հաջող փորձը։
Ըստ հաղորդագրության, Ռատի Բրեգաձեն Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին ներկայացնելու է վրացական նորարարությունները, ինչպիսիք են՝ շարժական արդարադատության տները, PROBBOX-ը (Վրաստանի ԱՆ-ի կողմից գործարկված նորարարական տեխնոլոգիա), հողի գրանցման համակարգված ծրագիրը։
Վրաստանի ազգային փոխադրողը՝ Georgian Airways-ը, հունվարի 28-ին Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթ է իրականացնելու։ Ընկերության տնօրեն Թամազ Գաիաշվիլիի խոսքով՝ հիշյալ երթուղով թռիչքը չարտերային է լինելու, որը պարբերաբար նշանակվում է տարբեր հանգամանքներից ելնելով։
Հունվարի 26-ին Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարեց, որ Վարկեթիլի մետրոկայարանի հարակից բացօթյա տարածքում առևտուրը կարգելվի։ Կալաձեն հայտնել է, որ առևտրականները պետք է տեղափոխվեն հատուկ նշանակված առևտրային տարածքներ։
Թբիլիսիի քաղաքապետարանը հերքել է քարտերի վերացման մասին համացանցում տարածված լուրերը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Վրաստանում հասարակական տրանսպորտով երթևեկության համար վճարելու «մետրոման» քարտերը մնում են ուժի մեջ։
Հունվարի 26-ին Վրաստանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների ու համակիրների կազմակերպած բողոքի ցույցեր՝ ընդդեմ ոստիկանների կողմից անչափահասների նկատմամբ բռնության դեպքերի։
Բողոքի պատճառը մետրոյի Իսանի կայարանում տեղի ունեցած միջադեպն է, երբ պարեկային ոստիկանության աշխատակիցը բռնություն է գործադրել հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ։ Մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Երեկ պարզ դարձավ նաև, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել Հարավային Կովկասում ԼԳԲՏ համայնքի անդամների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում ԼԳԲՏ անձանց վիճակով և այս երկրներում բացահայտված մարդու իրավունքների խախտումներով։
Երեկ՝ հունվարի 26-ին, Վրաստանի խորհրդարանում խորհրդակցություն է անցկացվել ընդդիմության և մեծամասնության միջև՝ Ուկրաինային սատարող բանաձև ընդունելու վերաբերյալ։ Բանաձևի սկզբնական տեքստը ընդունելի է եղել կողմերի համար։
Ավելի ուշ, սակայն, պարզ դարձավ, որ «Վրացական երազանք»-ի բանաձևը չի վայելում ընդդիմության աջակցությունը, քանի որ չնայած ընդդիմության հետ խորհրդակցություններին, իշխող կուսակցությունը հաշվի չի առել ընդդիմության դիտողությունները։ Ընդդիմությունը չի համաձայնել «Վրացական երազանք»-ի մշակած բանաձևին, որում խոսք չկա Ռուսաստանի մասին։
Հանրապետական կուսակցության առաջնորդ Խաթունա Սամնիձեն ասել է, որ «Վրացական երազանքը» արմատապես փոխել է Ուկրաինային սատարող բանաձևի տեքստը, որն ավելի վաղ համաձայնեցվել էր ընդդիմության հետ։
«Միացյալ ազգային շարժում-Ուժը միասնության մեջ է» խմբակցության նախագահ Խատիա Դեկանոիձեի խոսքով՝ քանի որ ընդդիմությանն ու «Վրացական երազանքին» չի հաջողվել համաձայնության գալ Ուկրաինային սատարող բանաձևի տեքստի շուրջ, հնարավոր է, որ ընդդիմությունը խորհրդարանում գրանցի բանաձևի այլընտրանքային տարբերակը։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը անդրադառնալով «Միացյալ ազգային շարժման» խորհրդարանում գործունեություն ծավալելու մասին հարցին, ասել է․ «Մենք հուսով ենք, որ «Միացյալ ազգային շարժումը» կմտնի խորհրդարան»:
Դեգնանը նաև նշել է, որ ԱՄՆ-ն ուրախ կլինի, եթե ընդդիմությունն ու իշխող թիմը միասին աշխատեն: «Դա ժամանակ և բանակցություններ կպահանջի, բայց խորհրդարանը հենց դրա համար է»,- ասել է նա։
Երեկ՝ Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահ Շալվա Պապուաշվիլին իր առաջին պաշտոնական աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Ըստ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության՝ երեկ օրենսդիրի խոսնակը հանդիպել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոաննային։
Շալվա Պապուաշվիլին խոսել է Վրաստանի խորհրդարանի՝ խորհրդարանական վերահսկողությունն ուժեղացնելու և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ծրագրերի մասին։
Եւ վերջում օդերևութաբանների կանխատեսումները՝ Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է տեղումնառատ եղանակ։ Հունվարի 27-ից կանխատեսվում է տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Հունվարի 28-30-ը տեղումները կպահպանվեն միայն առանձին հատվածներում։