Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել Հարավային Կովկասում ԼԳԲՏ համայնքի անդամների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքից։
Բանաձևի համաձայն՝ խորհրդարանական վեհաժողովը մտահոգված է Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում ԼԳԲՏ անձանց վիճակով և այս երկրներում բացահայտված մարդու իրավունքների խախտումներով։
Ըստ վեհաժողովի բանաձևի՝ տվյալ երկրի մշակութային և կրոնական ավանդույթները չեն կարող օգտագործվել կողմնորոշման, գենդերային ինքնության, գենդերային արտահայտման և սեռական հատկանիշների հիման վրա խտրականությունը հիմնավորելու համար:
Ինչպես բանաձևում է ասվում, այս երեք երկրները պետք է ստեղծեն արդյունավետ օրենսդրություն՝ արդյունավետ քաղաքականություն իրականացնելով այս ուղղությամբ։
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի յուրաքանչյուր ստորագրող պարտավոր է ապահովել հիմնարար իրավունքների իրացումը, գտնել դրանց միջև հակամարտությունից խուսափելու լավագույն միջոցը»,- ասված է բանաձևում։
Այնուամենայնիվ, վեհաժողովը ողջունել է օրենսդրության ընդունման միջոցով խտրականության դեմ պայքարում Վրաստանի արձանագրած առաջընթացը։ Քրեական օրենսգրքում խոսվում է գենդերային խտրականությունն արգելելու և ԼԳԲՏ ֆոբիան որպես ծանրացուցիչ հանգամանք դիտարկելու մասին։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը միևնույն ժամանակ նշել է, որ դեռևս մի շարք չլուծված խնդիրներ կան։
Վեհաժողովի կոչը Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին հետևյալն է.
- ապահովել ԼԳԲՏ քաղաքացու իրավունքներին աջակցող հանրային միջոցառումներ անցկացնելու իրավունքը, ապահովել այդպիսի երթերի անվտանգ անցկացումը և մասնակիցներին պաշտպանել ցանկացած բռնությունից,
- նպաստել լրատվամիջոցների և խորհրդարանի անդամների վարքագծի կանոնների ընդունմանը` կանխելու ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական և ատելության խոսքի օգտագործումը,
- ապահովել լրատվամիջոցների ազատությունը, անկախությունը և լրատվամիջոցների ներկայացուցիչների անվտանգությունը,
- արդյունավետ հետաքննել ԼԳԲՏ անձանց նկատմամբ հետապնդումների և բռնությունների դեպքերը,
- ներդնել արագ, թափանցիկ և մատչելի ընթացակարգեր, որոնք թույլ կտան տրանսգենդերներին փոխել իրենց անունը և սեռը անձը հաստատող տարբեր փաստաթղթերում,
- իրականացնել մարդու իրավունքների իրազեկման արշավ կրթական և այլ հաստատություններում,
- տրամադրել հատուկ և շարունակական ուսուցում ատելության խոսքի և ատելության շարժառիթներով հանցագործության վերաբերյալ դատական և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին,
- հեշտացնել Օմբուդսմենի և մարդու իրավունքների այլ պաշտպանների դերը:
Մասնավորապես, Վրաստանի կառավարությանն ուղղված բանաձևի տեքստում ասված է, որ անհրաժեշտ է ստեղծել ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ երկխոսության մարմին, որը կաշխատի նրանց հետ շտկելու վերաբերմունքը հանրային միջոցառումների նկատմամբ, ինչպիսիք են «հպարտության» երթերը կամ այլ միջոցառումները: