Բրյուսելում Եվրախորհրդարանի նիստին կից նոյեմբերի 29-ին մեկնարկել է «Վիզային ռեժիմի ազատականացումը՝ Եվրամիության արտաքին քաղաքականության գործիք» կոնֆերանսը: 3 օրվա ընթացքում Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն վիզայի ազատականացման թեմայով բանակցություններ է վարելու Եվրախորհրդարանի հետ:
Եվրախորհրդարանը ներկայացրել է Վրաստանի վերաբերյալ հաշվետվություն, որտեղ նշված է, որ բավարարված են բոլոր պահանջները, սակայն թե երբ Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի կմեկնեն շենգենյան երկրներ, անհայտ է: Այս մասին խոսել է Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը:
«Արդեն պարզ է, որ Վրաստանը բավարարել է վիզայի ազատականացման գործընթացի բացարձակապես բոլոր պահանջները: Հիմա ամեն ինչ արվում է, որ հնարավորինս շուտ Վրաստանը ստանա վիզայի ազատականացման ռեժիմ»,— հայտարարել է Յանոշ Հերմանը, հաղորդում է վրաստանյան Interpressnews.ge լրատվական գործակալությունը:
Յանոշ Հերմանը հավաստիացրել է, որ պատկերացում չունի կոնկետ ամսաթվի մասին, թե երբ կընդունվի վիզայի ազատականացումը:
Նշենք, որ Եվրամիության գնահատմամբ՝ խնդիրներ են մնում մի շարք ոլորտներում, այդ թվում՝ դատական համակարգում եւ դատախազության գործառույթներում:
Թեմային արձագանքել է նաեւ Միխեիլ Ջանելիձեն, ով գոհ է հաշվետվությունից:
«Մենք լիովին ընկալում ենք այն դժվարությունները, որոնց առջեւ կանգնած է Եվրամիությունը՝ ներգաղթյալների հոսքի եւ պոպուլիզմի պատճառով, չնայած պիտի հաշվի առնենք նաեւ այն, թե ինչ գին ունեն չարդարացված, ուշ ընդունված որոշումները»,— հայտարարել է Ջանելիձեն, փոխանցում է արտաքին գերատեսչության պաշտոնական կայքը: