Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի խորհրդարանը ապրիլի 10-ը հայտարարել է նախագահական ընտրությունների օր։ Դե ֆակտո կառավարության կողմից վերահսկվող «Ռես» գործակալության փոխանցմամբ՝ խորհրդարանի այսօրվա նիստում քվեարկությանը մասնակցած 34 պատգամավորներից 27-ը միաձայն ընդունել են համապատասխան բանաձևը։
Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը, ով երկրորդ ժամկետով է պատրաստվում դառնալ նախագահ, սոցցանցերում արձագանքել է նախագահական ընտրությունների օրվա հայտարարությանը՝ բոլոր ապագա թեկնածուներին մաղթելով ազնվորեն պայքարել և աշխատել հանուն հանրապետության բարօրության։
Նշենք, որ Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանում նախորդ նախագահական ընտրությունները կայացել են 2017 թվականին, որի ժամանակ «Միասնական Օսիա» կուսակցության նախագահ Անատոլի Բիբիլովը ձայների 54 տոկոսով հաղթել է այն ժամանակվա նախագահ Լեոնիդ Տիբիլովին։
Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն և Սիրիան Վրաստանի այս շրջանը ճանաչել են որպես անկախ «Հարավային Օսիայի Հանրապետություն» և, հետևաբար, միայն այս երկրներն են օրինական համարում ընտրությունների արդյունքները։