Վրաստանում Apple-ի պաշտոնական գործընկեր IPlus-ը խզել է պայմանագիրը Biohax International շվեդական միկրոչիպեր արտադրող ընկերության հետ, ինչը նշանակում է, որ Վրաստան ենթամաշկային չիպեր այլևս չեն ներմուծվի: Այս մասին տեղեկությունը տարածել է IPlus-ը՝ պատճառաբանելով, որ չեն ցանկացել այսպիսով դառնալ քաղաքացիների դժգոհության պատճառ։
«Մենք հոգ ենք տանում մեր հաճախորդների մասին և հաշվի ենք առնում նրանց մեծ մասի վերաբերմունքը։ Թեև մենք այլևս չիպեր չենք ներկրելու, պետք է նշել, որ դա կրոնի հետ կապ չունի, և այս ժամանակակից տեխնոլոգիան ծառայում է միայն հարմարավետությանն ու անվտանգությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
IPlus-ի տվյալներով՝ աշխարհում ավտովթարից օրական միջինը 4 100 մարդ է մահանում, տարեկան՝ 1,5 միլիոն, և եթե այդ մարդկանց մեջ չիպեր ներդրված լինեին, նրանց առնվազն 30-40% կփրկվեին, քանի որ բուժանձնակազմը հնարավորինս շուտ տեղեկատվություն կստանար հիվանդի արյան խմբի, արյան ճնշման, ջերմաստիճանի, սրտի զարկերի, նախորդ բոլոր բժշկական պրոցեդուրաների, ալերգիայի և այլնի մասին: