Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և դաշնակիցների հետ դրական ազդակ է այն մասին, թե որքան կարևոր են Վրաստանի տեսակետները Ռուսաստանի հարցում համապատասխան արձագանքի համար։ Այս մասին ասել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանը։
Ըստ Դեգնանի՝ անցյալ շաբաթ կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում, որտեղ Ռուսաստանին հնարավորություն է տրվել բացատրել իր մտահոգությունները։
Դեգնանի խոսքով՝ կարևոր է հիշել, որ հենց Ռուսաստանն է ստեղծել անվտանգության այս ճգնաժամը Եվրոպայի սահմանին, Ռուսաստանն է զորք բերել հարևան ինքնիշխան երկրների սահմաններին, Ռուսաստանն է օկուպացրել է ինքնիշխան տարածքներ Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում։
Ինչպես Դեգնանն է ասել՝ ԱՄՆ-ը բաց է հանդիպման և երկխոսության համար, սակայն չի հրաժարվի հիմնական սկզբունքներից։
«ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը ստեղծվել է 25 տարի առաջ։ Մենք կնստենք կլսենք, բայց գործելու ենք մեր հիմնական սկզբունքներով։ Առաջինն այն է, որ Ռուսաստանը վետո չունի Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում։ ՆԱՏՕ-ին անդամակցելը որոշում են 30 դաշնակիցները և այն երկրները, որոնք ցանկանում են միանալ դաշինքին»,- ասել է Դեգնանը։
Ըստ Դեգնանի՝ Վրաստանն իրավունք ունի ընտրելու իր տնտեսական և անվտանգության գործընկերներին։ Սա հիմնարար սկզբունք է։
«Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները հասկացրել է, որ մենք չենք բանակցի Եվրոպայի հարցում՝ առանց Եվրոպայի, ՆԱՏՕ-ի հարցում՝ առանց ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ոչ էլ Վրաստանի ու Ուկրաինայի հարցում առանց Վրաստանի և Ուկրաինայի», — եզրափակել է Դեգնանը։