Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, հնարավոր է դրամական խրախուսումներ կիրառվեն՝ երկրում «խթանիչ» դոզայի կիրառումն ավելացնելու համար։
Գամկղրելիձեն հայտնել է, որ հարցը բարձրացրել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում։
Գամկղրելիձեի խոսքով՝ 200 լարի դրամական խրախուսումը, որը ներդրվել էր նոյեմբերի վերջին, գործել է՝ ավելացնելով 60-ից բարձր տարիքի քաղաքացիների պատվաստման տեմպը։ Մոտ 125 հազար քաղաքացի է պատվաստվել խրախուսման այս ծրագրի գործարկումից հետո։ Միաժամանակ, 50-ն անց քաղաքացիների մոտ պատվաստումների ցուցանիշն աճել է 3 անգամ։
«Եթե ուժեղացնենք «խթանիչ» դոզայի կիրառումը, ապա դա լրջորեն կնվազեցնի «օմիկրոն» շտամի ինտենսիվությունը»,- ասել է Ամիրան Գամկղրելիձեն:
Ըստ մասնագետի, երկրում լաբորատոր հաստատված է «օմիկրոն» շտամի 1254 դեպք։
«Երկրում հաստատված կորոնավիրուսի դեպքերի 50%-ն «օմիկրոն» շտամն է։ Թբիլիսիում, որտեղ ունենք ամենաշատ դեպքերը, «օմիկրոն»-ի մասնաբաժինը կազմում է 65 տոկոս, մարզերում՝ 30-35 տոկոս»,- ասել է Գամկղրելիձեն։
Գամկղրելիձեի խոսքով՝ «օմիկրոնի» տարածվածությամբ Թբիլիսիին հաջորդում են Աջարիան և Գուրիան։