Վրացական մամուլը հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման մասին

Վրացական մամուլն այսօր ակտիվորեն անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանին երեկ տեղի ունեցած ինտենսիվ փոխհրաձգությանն ու հրադադարի ռեժիմի խախտմանը։

«Հայաստանը հայտնում է՝ երեք հայ զինվոր է զոհվել Ադրբեջանի հետ սահմանին բախումների ժամանակ, ինչը մտահոգություն է առաջացնում, որ երկու երկրների միջև կարող է նոր պատերազմ սկսվել», — նշում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը (radiotavisupleba.ge)։

«Ադրբեջանական կողմը Քալբաջարի սահմանային գոտում կրակոցներ սկսելու համար մեղադրում է հայկական ստորաբաժանումներին և պնդում, որ միջադեպի պատասխանատվությունը կրում են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարները», — գրում է Netgazeti.ge-ն։

Interpressnews.-ն էլ գրում է ադրբեջանական զինուժը վերսկսել է կրակոցները հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի ՊՆ-ը հակառակն է պնդում․

«Գործակալության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 17:30-ին ադրբեջանական զինուժը վերսկսել է հրետանային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ կրակել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»։

Գործակալության տվյալներով՝ Հայաստանը համապատասխան միջոցներ է ձեռնարկել։

«Իր հերթին Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարել է, որ սահմանային Քելբաջարի ուղղությամբ հայկական զինված ուժերի սադրիչ գործողությունների արդյունքում մեկ զինծառայող է զոհվել»,-հավելում է լրատվականը։

ՀՀ ՊՆ-ը երեկ՝ հունվարի 11-ին հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Նշենք, որ այսօր՝ հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Հեիդի Գրաուի հետ քննարկել է հունվարի 11-ին Ադրբեջանի կողմից ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը, որի արդյունքում հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ։