Այս տարվա սոցիալական առաջին ծրագրերից մեկը, որը կմեկնարկի այսօր, դեղորայքի 500 լարիանոց (մոտ 160 դոլար) վաուչերներն են։ Այս մասին Թբիլիսիի կառավարման նիստում ասել է քաղաքապետ Կախա Կալաձեն։
Կախա Կալաձեի խոսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայի համաձայն, այս ծրագրի շահառուները կլինեն Թբիլիսիում գրանցված կենսաթոշակային տարիքի անձինք, որոնց սոցիալական վարկանիշային միավորը չի գերազանցում 200 հազարը։
«Այս մարդկանց աջակցությունն ու օգնությունը սկզբունքորեն կարևոր է, և մենք ամեն ինչ անելու ենք նրանց կողքին լինելու և հնարավորինս աջակցելու համար։ Քաղաքացին վաուչեր ստանալու համար քաղաքապետարան կամ թաղապետարան գալու կարիք չի ունենա, և չափանիշները բավարարելուն պես նա ավտոմատ կերպով կդառնա ծրագրի օգտատեր»,- ասել է Կալաձեն։
Վաուչերն օգտագործելու համար՝
- ծրագրի շահառուն կամ նրա ներկայացուցիչը խորհրդակցում է բժշկի հետ՝ որոշելու անհրաժեշտ դեղորայքը,
- բժիշկը ծրագրի էլեկտրոնային մոդուլում կտեղադրի հիվանդի առողջական վիճակի մասին գրություն, որտեղ նշված կլինի անհրաժեշտ դեղերի ցանկը և քանակը,
- դրանից հետո շահառուն կամ նրա ներկայացուցիչն իր նշած հեռախոսահամարին Թբիլիսիի քաղաքապետարանից SMS-ի միջոցով կստանա հատուկ կոդ,
- շահառուն կամ ներկայացուցիչը դեղը ստանալու համար դիմում է իր նախընտրած դեղատուն՝ ստացված ծածկագրով և ID քարտով,
- եթե առողջական վկայագրում թվարկված բոլոր դեղամիջոցներն ամբողջությամբ հասանելի չեն շահառուի կողմից ընտրված դեղատանը, ապա շահառուն կարող է մնացած դեղը վերցնել մեկ այլ դեղատնից կամ ավելի ուշ՝ նույն դեղատնից,
- շահառուն կամ նրա ներկայացուցիչը պետք է դեղը վերցնի դեղատնից ծածկագիրը ստանալուց ոչ ուշ, քան 30 օրը։
Թբիլիսիի քաղաքապետարանի Առողջապահության և սոցիալական ծառայությունների քաղաքային ծառայությունն արդեն համապատասխան դասընթացներ է անցկացրել բուժհաստատությունների և դեղատների ցանցերի ներկայացուցիչների համար՝ ծրագրի մեկնարկի և իրականացման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով, որպեսզի թոշակառուները կարողանան անարգել ծառայություններ ստանալ։
Նշենք նաև, որ Կալաձեն ծրագրի մասին խոսել էր դեռ 2021 թվականի հոկտեմբերին։
«40 հազար սոցիալապես անապահով թոշակառուներ կօգտվեն այս ծրագրից»,- հայտարարել էր Կալաձեն՝ հավելելով, որ ծրագրի բյուջեն կկազմի 10 մլն լարի (մոտ 3 200 000 դոլար)։
Նորայր Միսկարյան