Ղազախստանի և Վրաստանի միջև թռիչքներն արդեն ինտենսիվ կերպով իրականացվում են։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանից հերթական չվերթը նախատեսված է այսօր, ժամը 14:30-ին։
Նախօրեին Ակտաու և Ատիրաու օդանավակայաններից երկու ինքնաթիռ է ժամանել Քութայիսիի օդանավակայան, որտեղ Ղազախստանից ընդհանուր առմամբ 87 ուղևոր է ժամանել։ Նրանց թվում Վրաստանի շուրջ 60 քաղաքացիներ են եղել։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով, այս պահին Ղազախստանում իրավիճակը կայուն է։
Նախագահի հրամանագրով զինված ուժերն իրավունք ունեն առանց նախազգուշացման կրակ բացել «ահաբեկիչների» վրա։ Ինչպես ասել է Տոկաևը, կառավարությունը չի պատրաստվում բանակցել մարդասպանների հետ։ Նրա խոսքով՝ Ալմաթիում հարյուրավոր խաղաղ բնակիչներ ու զինվորներ են վիրավորվել ու սպանվել «ավազակների ու ահաբեկիչների» կողմից։
Նշենք նաև, որ զանգվածային անկարգությունների ֆոնին Ղազախստանի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել։ Հունվարի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհուրդը որոշել է հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։ Արդեն հունվարի 6-ին Ռուսաստանը սկսեց զորքեր ուղարկել Ղազախստան։ Հավաքական խաղաղապահ զորախումբը ներառում է ստորաբաժանումներ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս արձագանքել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ դատապարտելով բռնությունն ու արագ դեէսկալացիայի հույս հայտնել:
Նորայր Միսկարյան