Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասանական կազմն Ամանորյա երաժշտա-ժամանցային ներկայացմամբ այսօր Մառնեուլի մունիցիպալիտետի Դամիա գյուղում էր:
Թատրոնի դերասաններից Հենրիխ Պետրոսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է.
«Գրեթե ամեն տարի գալիս ենք՝ շնորհավորելու երեխաների Ամանորը: Փորձում ենք երեխաների կարոտը համերգների, թատրոնի հանդեպ մի քիչ լրացնել մեր ներկայությամբ»:
Հենրիխ Պետրոսյանը ցավով նշում է, որ միայն անցյալ տարի` պանդեմիայով պայմանավորված չեն կարողացել գալ, բայց միշտ կարևորում են երեխաներին ուրախացնելն ու հատկապես ներկայացումներով գյուղեր գնալը:
«Այսօրվա ներկայացումը համերգային է, կփորձենք երգով, պարով ու խաղերով ուրախացնել երեխաներին: Նրանց կուրախացնեն նաև Ձմեռ պապն ու ձյունանուշը, ինչպես նաև տարբեր կենդանիների կերպարներով կոստյումավորված մեր դերասանները»,-«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Հենրիխ Պետրոսյանը:
Թատրոնի դերասաններից Արամ Միքայելյանն ասում է, որ վերջին երկու տարին հեքիաթի փոխարեն որոշել են շոու-ծրագիր ներկայացնել, որում ընդգրկված են երաժշտական համարներ, ինտերակտիվ խաղեր:
«Մենք թույլ ենք տալիս, որ երեխաներն անձամբ մասնակցեն մեր շոուին և դառնան մեր ներկայացման մասնիկը»,-«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Արամ Միքայելյանը՝ հավելելով, թե փորձը ցույց է տալիս, որ նման շոուները շատ ավելի ուրախ են անցնում, քան հեքիաթը:
Արամ Միքայելյանը միևնույն ժամանակ ասում է.
«Կան երեխաներ, որոնք հնարավոր է հեքիաթը ոչ այդքան լավ ընկալեն, քան, օրինակ, բեմ դուրս գալն ու դերասանների հետ շփումը, ինչը շատ ավելի հաճելի է, և մեզ ևս շատ դուր է գալիս»:
Ըստ Արամ Միքայելյանի՝ Դամիա գյուղը միակը չէ, որ այցելելու են՝ կլինեն նաև Միրզոևկա գյուղում և ևս մեկ գյուղում:
Դամիա գյուղի դպրոցի տնօրեն Սիլվա Ամիրյանը ներկայացումից հետո «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է.
«Ցանկալի է, որ նման ներկայացումներ հաճախ լինեն: Քանի որ այն նպաստում է նախ երեխաների ակտիվությանը, անկաշկանդվածությանը, երեխաները կոմպլեքսները կարծես մոռանում են»:
Սիլվա Ամիրյանը նաև ընդգծում է, որ շատ լավ կլինի, եթե հաճախակի բնույթ կրեն նման միջոցառումները: Եվ ոչ միայն ամանորյա, այլ նաև հենց ներկայացումներ լինեն, որոնք ևս շատ ավելի կզարգացնեն երեխաներին:
Նշենք նաև, որ ներկայացումը հարուստ էր երաժշտական համարներով, որոնց ակտիվ ներգրավվածություն ունեին երեխաները: Միջոցառման ավարտին բոլոր տոմս գնած մասնակիցներին հանձնեցին ամանորյա փոքրիկ նվերներ:
Հեղինակ՝ Նորայր Միսկարյան