Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Ծննդյան ավանդական «Ալիլո» բարեգործական երթը կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարի կանցկացվի փոփոխված կանոններով։
Երթը, որի մասնակիցները ուղղափառ շարականներ են երգում և նվերներ հավաքում կարիքավորներին բաժանելու համար, ունի 15 հարյուրամյակի պատմություն։ Այն անցկացվում է մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներում և փողոցներում, քահանաները, հոտը և երեխաները «Ալիլո»-ի ժամանակ հավաքում են նվերներ, հետո դրանք փոխանցում կարիքավորներին և որբերին:
Վրաց պատրիարքարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս անգամ հոտի մասնակցությամբ երթ չի լինի՝ հոգևորականները մեքենաներով շրջելու են Թբիլիսիի կենտրոնով։ Այն կսկսվի հունվարի 7-ին ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում և կավարտվի Սուրբ Երրորդություն տաճարում ժամը 16:00-ին՝ Սուրբ Ծննդյան աղոթքով:
«Փրկչի Ծնունդը մեծ տոն է քրիստոնեական աշխարհում։ Տոնն այս տարի նույնպես կանցկացվի հանդիսավոր կերպով, սակայն համավարակի պատճառով սահմանված կանոնակարգերի ամբողջական պահպանմամբ։ Հոգևորականները Սուրբ Ծնունդը կշնորհավորեն բնակչությանը ավտոերթով, վանկարկումներով և սուրբ ջուր ցողելով»,- ասվում է պատրիարքարանի տարածած հաղորդագրությունում։
Սուրբ Ծննդյան պատարագից հետո ավանդական նվիրատվությունները՝ նվերների, հագուստի, խաղալիքների և քաղցրավենիքի տեսքով, կդասավորվեն և կտրամադրվեն կարիքավորներին և որբերին։
Ամանորյա նվերների հավաքագրմանը մասնակցել ցանկացողները հունվարի 7-ին ժամը 12:00-16:00-ն իրենց նվերները կարող են բերել Հանրապետության հրապարակ։
Վրաստանի բնակչության մեծ մասը և էթնիկ վրացիները ուղղափառ քրիստոնյաներ են։ Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը Վրաստանում նշվում է հունվարի 7-ին, սա պետական տոն է և պաշտոնապես հանգստյան օր։
Սուրբ Ծննդյան գիշերը՝ հունվարի 6-ից 7-ը, Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան պատարագը։