Ձյան առատ տեղումների և ուժեղ քամու պատճառով այսօր առավոտյան միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդով և կիսակցորդով մեքենաների երթևեկությունը արգելված է։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Գերատեսչությունից հայտնում են, որ այս հատվածով այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար տեղաշարժն ազատ է․
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքի թունելներով»։
Տրանսպորտի տեղաշարժը տեղում համակարգում է պարեկային ոստիկանությունը։
Նշենք նաև, որ Լարսի ճանապարհը ներկայում միակ գործող անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանին։
Նորայր Միսկարյան