Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Զուրաբ Ազարաշվիլիին նշանակել է օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար։
Վարչապետ Ղարիբաշվիլիի խոսքով՝ Ազարաշվիլիի անմիջական ղեկավարությամբ իրականացվել են մի շարք կարևոր նախագծեր, այդ թվում` վրացական ավիացիայի վերականգնումը և բազմաթիվ այլ ծրագրեր՝ կապված պաշտպանական ուժերի և ռազմական արդյունաբերության հզորացման հետ։
«Ազարաշվիլին քաջատեղյակ է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերին, և ես ցանկանում եմ նրան հաջողություն մաղթել։ Ես կարծում եմ՝ պարոն Զուրան շատ լավ նախարար կլինի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Զուրաբ Ազարաշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ասել, որ իր համար մեծ պատասխանատվություն է կառավարել մեծ մարտահրավերներով լի նախարարություն, բայց հույս ունի, որ կարճաժամկետ հեռանկարում կկարողանա հասնել շոշափելի և նշանակալի հաջողությունների։
Նշենք, որ Զուրաբ Ազարաշվիլին մինչ այժմ Վրաստանի պաշտպանության փոխնախարարն էր և «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի գլխավոր տնօրենը։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին նախարար Էկատերինե Տիկարաձեն դեկտեմբերի 9-ին «Վրացական երազանքի» գրասենյակում կայացած ճեպազրույցում հրաժարական էր տվել, ասելով, որ շարունակելու է աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում առողջապահության ոլորտում։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր