Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 14։00-ից 18։00-ը Ախալքալաքի կենտրոնական հրապարակում կայացավ ամանորյա տոնավաճառը։ Միջոցառումն ուղեկցվեց երգ ու պարով, հանդես եկան երգիչներ և երգչախմբեր, ինչպես նաև պարային համույթներ։
Ներկա էին Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները, ովքեր շնորհավորեցին գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Ելույթ ունեցավ Ախալքալաքի նորընտիր քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Համերգային ծրագիրը սկսվեց աշուղ Ալիկ Ջավախքի և իր երգչախմբի կատարմամբ։ Միջոցառման ողջ ընթացքում հնչեցին հայկական և վրացական երգ ու պարեր։
Տոնավաճառին ցուցադրված էին ամանորյա զարդարանքներ, իսկ երեխաներին բաժանվեց անվճար սնունդ։ Ներկա էին նաև մուլտերի հերոսներ, իսկ երեխաներին զվարճացնում էին Ձմեռ պապիկն ու ձյունանուշը։
Միջոցառումն ավարտվեց հրավառությամբ։
Հեղինակ՝ Տաթև Խոցանյան