Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Ջուանշեր Բուրճուլաձեն ասել է, որ զարգացած և կայուն Ադրբեջանը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության համար և այդ համատեքստում խոսել է Հարավային Կովկասի «խաղաղ հարևանության» վերաբերյալ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնության մասին։
Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ջուանշեր Բուրճուլաձեի և Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության երկկողմ և եռակողմ (Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան) ձևաչափերը։
Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։
Ինչպես ասվում է Ադրբեջանի հանրապետության նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հակիրճ հաղորդագրության մեջ, հանդիպմանը գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական համագործակցության երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր