Շրջակա միջավայրի ազգային գործակալության պետի նախկին տեղակալ, «Տնտեսական վերափոխումների կենտրոնի» տնօրեն, տնտեսական հարցերով փորձագետ Ռամազ Գերլիանին, ըստ հարազատների, արդեն մի քանի օր է անհետ կորել է: Հարազատների խոսքով փորձագետի մեքենան տեսել են քաղաքի արվարձաններից մեկում, իսկ նրա հետ արդեն երրորդ օրն է չեն կարողանում կապ հաստատել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իրավապահները հայտնաբերել են անհետ կորած համարվող Ռամազ Գերլիանիի նամակն ու բջջային հեռախոսը՝ կազմակերպության գրասենյակից։ Բջջային հեռախոսի վրա, որը դրված է եղել նրա գրասեղանի վրա, մարկերով գրված է եղել գաղտնաբառը, որպեսզի ոստիկանները կարողանան բացեն հեռախոսը։
Ինչ վերաբերում է նամակին, ապա Ռամազ Գերլիանին կարճ նամակում նշում է, որ «շատ է համբերել» և «հոգնել է», նա նաև դիմում է երեխաներին, ասում, որ սիրում է նրանց և Աստծուց ներողություն է խնդրում։
Նշենք, որ Ռամազ Գերլիանին անհետանալուց առաջ ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում ՆԳՆ աշխատակից Գիորգի Գոգնիաշվիլիին մեղադրում է շանտաժի ու մասնավոր սեփականություն ներխուժելու մեջ։ Ըստ Գերլիանիի՝ նոյեմբերի 14-ին իր բնակարան է եկել զինված իրավապահը և կեղծ դրդապատճառներով հարցաքննել իրեն։ Նրա խոսքով՝ ինքը 35 օր առաջ դիմել է ոստիկանության բաժին, սակայն պատասխան չի ստացել։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն արդեն տեղեկացված և ներգրավված է գործընթացում, սակայն դեռևս մեկնաբանություն չի արել։