Վրաստանում անցկացվող հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստից հետո Վրաստանի և Հայաստանի վարչապետները ստորագրել են հանձնաժողովի 11-րդ նիստի արձանագրությունը։
Հանձնաժողովի նիստին մասնակցել են Վրաստանի և Հայաստանի կառավարությունների անդամները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստը նախագահել են երկու երկրների վարչապետները:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նիստից հետո ասել է.
«Մենք շահագրգռված ենք տարածաշրջանի խաղաղությամբ և կայունությամբ։ Վրաստանը միշտ մոտիվացված է այս գործընթացում կարևոր դեր խաղալու համար, և այդ պատճառով ես սկսել եմ «խաղաղ հարևանության» նախաձեռնությունը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, պարոն վարչապետ, որ մենք միշտ պատրաստ ենք նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության զարգացմանը»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել վրաց գործընկերոջը։
«Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական զարգացման նախապայմաններից մեկը փոխադարձ վստահությունն է, որը հիմնված է մեր ժողովուրդների պատմական բարեկամության վրա։ Ես ուզում եմ ընդգծել մեր հարաբերությունների մարդկային և զգացմունքային ոլորտը: Դա վերաբերում է ոչ միայն իմ և պարոն Ղարիբաշվիլիի հարաբերություններին, այլ նաև մեր կառավարությունների համագործակցությանը», — ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հանձնաժողովի նիստի ավարտին Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը Վրաստան կատարած այցի համար և ընդգծել երկու երկրների միջև սերտ համագործակցության կարևորությունը։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր