Միացյալ ազգերի կազմակերպության հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Ժնևում` կազմակերպության գրասենյակի բակում կտեղադրվի վրացական կուժ:
Ինչպես «Interpressnews» -ին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, կազմակերպության ստեղծման հոբելյանի կապակցությամբ` Վրաստանը Ժնևյան գրասենյակին նվիրել է Յունեսկօ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության հուշարձան ճանաչված վրացական կուժ:
Կժի տեղադրման պաշտոնական արարողությունը ՄԱԿ-ում տեղի կունենա մարտի 1-ին: Նախատեսված է, որ ելույթ կունենա Վրաստանի արտաքին գործերի նախարարն ու ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենը: Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև հուշատախտակի բացման արարողություն, ինչպես նաև` վրացական գինու մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրություն: Այնուհետև ներկաները հնարավորություն կունենան համտեսել վրացական գինին:
Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` յուրօրինակ կավե կուժը ընդմիշտ կմնա կազմակերպության բակում: Կուժը, որի վրա անգլերենով և վրացերենով գրված է «Վրաստան» (საქართველო , Georgia) , պատրաստվել է Մեքաթուբանի գյուղում:
Միջոցառումը կկազմակերպվի Վրաստանի արտաքին գործերի նախարարության, Գինու ազգային գործակալության և ՄԱԿ-ի գրասենյակի ջանքերով: