Հայ-ադրբեջանական սահմանային սրացումները՝ վրաստանյան մեդիատիրույթում

Հայ-ադրբեջանական սահմանային սրացումները ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո վերջին մեկ տարվա ընթացքում պարբերական բնույթ են կրում: Վրաստանյան ԶԼՄ-ները գրեթե միշտ ակտիվ անդրադառնում են այս զարգացումներին: Վերջին լայնամասշտաբ բախումն սկսվեց նոյեմբերի 14-ի երեկոյան:

«Ալիք մեդիան» հետևել է նոյեմբերի 14-19 ընկած ժամանակահատվածի իրադարձությունների լուսաբանմանը վրացական մամուլում:

Վրացական ԶԼՄ-ներում սահմանային բախումների հետ կապված գերակշռում է «Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են սադրանքի մեջ» վերնագիրը: Նման վերնագրեր հիմնականում օգտագործում են այն մեդիաները, որոնք աչքի են ընկնում կողմերի պաշտոնական տեղեկատվությունները հավասարապես լուսաբանելով: Այդպիսիք են Ազատություն ռադիոկայանի վրացական գործակալությունը, hասարակական-քաղաքական առցանց հրատարակություն publika.ge-ն, ինչպես նաև netgazeti.ge-ն, որի գործունեության հիմնական մաս է կազմում նաև տարածաշրջանային իրադարձությունների վերլուծությունը:

Հատկանշական է, որ այս անգամ լրատվամիջոցների անդրադարձներում աչքի էր ընկնում «պատերազմից մեկ տարի անց» ձևակերպումը, քանի որ 44-օրյա պատերազմից հետո սա առաջին մասշտաբային բախումն էր, նշվում էր նաև՝ «իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ զինադադարից 1 տարի անց կողմերը կրկին կրակ են բացել» ձևակերպումները:

Հետևելով Վրաստանի հանրային հեռարձակողի (1tv.ge) կողմից սահմանային միջադեպերի լուսաբանմանը՝ կարելի է նկատել որ, միայն նոյեմբերի 15-19-ը ընկած ժամանակահատվածում Առաջին ալիքը հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, այդ թվում միջազգային գործընկերների կոչերն ու հայտարարությունները միասին 19 հոդված է հրապարակել: 

Հանրայինի կողմից հրապարակված նյութերում հիմնականում նշվում է երկու կողմի տեղեկատվությունը, թեև ՀՀ անվտանգության խորհրդի նիստի մասին նյութի մեջ օգտագործված է բացառապես հայկական կողմի տեղեկատվությունը, իսկ հաջորդիվ հոդվածում Հանրայինը գրում է՝ «Ադրբեջանն ու Հայաստանը հայտնում են սահմանային գոտում կրակոցների մասին»: Հարկ է նշել, որ նոյեմբերի 16-ի երեկոյան Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար՝ կից գրառումով, որտեղ մասնավորապես նշվում է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ՝ նոյեմբերի 16-ին՝ օրվա ընթացքում, հայկական զինուժը ձեռնարկել է մարտական ​​գործողություններ և հրաձգային տարբեր զինատեսակներից կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Բերձոր) հատվածներում, այդ թվում՝ կիրառել հրետանի և ականանետներ»:

Վերոնշյալը վիրահայության կողմից բողոքի պատճառ էր դարձել, և օգտատերերը մեկնաբանություններում ամոթանք էին տվել Հանրային հեռարձակողին՝ միակողմանի լուսաբանման համար:

Իշխանական համարվող Rustavi 2 հեռուստաընկերությունը նոյեմբերի 16-17-ին երեք հոդվածով անդրադարձել է սահմանային իրավիճակին, որոնցից մեկը ԱՄՆ-ի արձագանքի մասին էր, իսկ մյուս երկուսը՝ «ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին» վերնագրերով, որտեղ հավասարապես ներկայացված է Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական տեղեկատվությունը:

ImediNews-ը, որ ևս իշխանական է համարվում, նոյեմբերի 16-19-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել է 11 նյութ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի, հայ զինծառայողների գերի ընկնելու և զոհերի մասին, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունները: Հարկ է նշել, որ թեև ImediNews-ը նյութերում պահել է հավասար տեղեկությունները ներառելու սկզբունքը, սակայն աչքի են ընկնում նյութեր, որտեղ ներառված է միայն կոնֆլիկտի կողմերից մեկի տեղեկությունը, օրինակ` «Էսկալացիայի հիմնական պատասխանատվությունը կրում է Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը» վերնագրով հոդվածը, որտեղ չի նշվում Հայաստանի համապատասխան գերատեսչության արձագանքը, կամ՝ «Ադրբեջանը մենակ չէ. Թուրքիան միայնակ չի թողնի Ադրբեջանին» վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացված է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ վերջիններս աջակցում են Ադրբեջանին: Վերոնշյալ երկու հոդվածում էլ որպես հայկական կողմի տեղեկատվություն նշվում է. «նոյեմբերի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է ադրբեջանցի զինվորականներին երկու երկրների միջև սահմանը խախտելու մեջ և ազատել պաշտպանության նախարարին»:

Ինչ վերաբերում է Վրաստանի ընդդիմադիր խոշոր լրատվամիջոցներին ու հեռուստաալիքներին՝ TV Պիրվելիի ու Մթավարի ալիքի եթերներում հարցի շուրջ հեռարձակվել է փոքր լուր, չնայած ո’չ կայքերում, ո’չ էլ՝ սոցիալական ցանցերում  որևէ նյութ թեմայի հետ կապված չի հրապարակվել: Հատկանշական է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում վերոնշյալ ալիքները բավականին ակտիվ էին անդրադառնում հարևան պետությունների միջև եղած հակամարտությանը, ու հաճախ լուսաբանում միայն ադրբեջանական կողմի հայտարարությունները, ինչը Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների մոտ դժգոհության առիթ էր դարձել: Վերջիններս այդ օրերին ցույց էին կազմակերպել Մթավարի ալիքի խմբագրության շենքի մոտ: 

Ընդդիմադիր համարվող Formulanews-ը, մեր կողմից դիտարկվող օրերին, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրավիճակին անդրադարձել է երեք հոդվածով, որոնցից մեկն այն մասին է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական բախումներ են ընթանում, իսկ հաջորդն արդեն Հայաստանի և Ադրբեջանի՝ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերած հրադադարի համաձայնության մասին է, որտեղ նշվում է նաև, որ Հայաստանը դիմել էր Ռուսաստանին՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը՝ վկայակոչելով 1997 թվականի պայմանագիրը: Երրորդ և ծավալուն հոդվածով՝ հղում անելով BBC-ին, Formulanews-ն անդրադարձել է նախորդ օրը արված հայտարարություններին (ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ), տեղի ունեցած հեռախոսազրույցներին, ինչպես նաև մարտերի հետևանքով զոհվածների թվին և գերի ընկած հայ զինծառայողներին:

Հայ-ադրբեջանական սահմանին բախումների մասին քանակական առումով բավականին շատ տեղեկություն է հրապարակվել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների լեզուներով գործող լրատվամիջոցներում՝ հայերեն ու ադրբեջաներեն լեզուներով: Այսպես, թեմային անդրադարձել են հայալեզու գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ Նինոծմինդայի տեղական ռադիո «Նորը», Ախալքալաքի տեղեկատվական կենտրոն Jnews-ը, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի համայնքային հեռուստաընկերությունները.

Հարկ է նշել, որ «Ալիք մեդիայի» հայալեզու տարբերակն անդրադարձ չի կատարել նոյեմբերի 15-19 ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին, քանի որ լրատվամիջոցի լուսաբանման քաղաքականությունն է հայերենով ներկայացնել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները՝ Վրաստանի տեսանկյունից։

Ախալքալաքիի համայնքային ATV12 հեռուստաընկերությունը թեմայի հետ կապված մի քանի գրառում է տարածել սոցիալական ցանցերում, որտեղ նշված է եղել բացառապես ՀՀ պաշտոնական տեղեկատվությունը՝ արտատպելու ճանապարհով, առանց որևէ մեկնաբանության: 

Նինոծմինդայի համայնքային «Փարվանա» հեռուստաընկերությունը հիմնական ակտիվությունը բացի հեռուստատեսությունից եղել է նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ նոյեմբերի 16-ին հրապարակումներ էր արվել սահմանային զարգացումների մասին: Գրառումներից մեկում նույնիսկ «բարկացած էմոջի» էր կիրառվել: Այս դեպքում ևս, ներկայացված է միայն ՀՀ պաշտոնական տեղեկությունը: Որոշ գրառումների դեպքում, հղվել են նաև ռուսական ալիքների կողմից տարածած տեղեկության վրա, ուր հայկական կողմի կարծիքն է եղել ներկայացված: Ընդհանուր առմամբ այս հեռուստատեսությունը ֆեյսբուքյան էջում տարածել է 5 գրառում:  

Ինչ վերաբերում է Նինոծմինդայի «Նոր» ռադիոկայանին, էջն ակտիվորեն գործում է ինչպես հայերեն, այնպես էլ՝ ռուսերեն լեզուներով: Նոյեմբերի 16-ի իրադարձություններին անդրադարձ կա հավասարապես երկու էջերում էլ: Այս դեպքում հատկանշական է, որ ռուսալեզու կոնտենտում հասանելի են նաև Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները, իսկ հայալեզու էջի դեպքում՝ արտատպված են կամ ՀՀ ռազմական կառույցների մամուլի հաղորդագրությունները, կամ՝ ներկայացված են հղումներ հայաստանյան լրատվամիջոցներին, հետևաբար՝ ներկայացված է միայն հայկական կողմի հայտարարությունները: 

Ախալքալաքիի լրատվական կենտրոն Jnews-ը, որ եռալեզու հարթակ է, հայալեզու էջում հրապարակված է երեք նյութ: Ի դեպ, նյութերից մեկում նշված են ինչպես հայկական կողմի, այնպես էլ ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունները: Վրացալեզու հատվածում այս թեմայով հասանելի նյութ չկա, ռուսալեզու տարբերակում՝ նոյեմբերի 18-ին հրապարակված ընդամենը մեկ նյութ կա: 

Ախալցիխեում գործող «Հարավային Դարպաս» (sknews.ge) լրատվամիջոցի հայալեզու բաժնում հրապարակված է մեկ նյութ՝ կրակի դադարեցման մասին, որտեղ անդրադարձ է արվում նաև ադրբեջանական կողմի հայտարարություններին: Եվս մեկ նյութ այս հարթակում կրում է վերլուծական բնույթ, պարունակում փորձագետների կարծիքներ Երևանից և Բաքվից:

Մառնեուլիում գործող համայնքային ռադիո «Մառնեուլին», որը գործում է երեք լեզվով՝ ադրբեջաներեն, վրացերեն և հայերեն, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին վրացերեն բաժնում անդրադարձել է մեկ անգամ, որտեղ report.ge կայքին հղում անելով՝ ներկայացվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը: Այնտեղ մասնավորապես ասվում է.

«Հայկական սադրանքի ու քաղաքական արկածախնդրության հետևանքով պետական ​​սահմանը ամբողջությամբ կաթվածահար է եղել: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է մեր ստորաբաժանումների կողմից։ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում շարունակում են իրենց ծառայությունը»։

Հարկ է նշել, որ հայալեզու հատվածում «Մառնեուլի FM»-ն այդ օրերի դեպքերին չի անդրադարձել, իսկ ադրբեջաներենով անդրադարձել է շուրջ 8 անգամ, որոնցից 7-ը Ադրբեջանի պաշտոնական տեղեկատվությունն է՝ ուղղված Հայաստանի դեմ, և նյութերի աղբյուր է հանդիսանում ադրբեջանական report.az-ը: Նյութերից մեկն էլ ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունն է հայկական կողմի զոհերի թվի ու գերիների մասին, որի համար կրկին աղբյուր է հանդիսանում report.ge-ն: Նշենք, որ report.az-ը գործում է 2014 թվականից և ստեղծվել է report.ge-ի կողմից: Կայքն աչքի է ընկնում Ադրբեջանի պաշտոնական տեղեկատվության տարածմամբ:

Վրաստանում գործող էթնիկ ադրբեջանցիների կողմից 2020-ի ապրիլին հիմնված aktual.ge կայքն ունի չորս՝ վրացերեն, ադրբեջաներեն, թուրքերեն ու անգլերեն լեզուներով բաժին: Կայքը նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին վրացերենով ոչ մի նյութ չի հրապարակել, իսկ ադրբեջաներեն հատվածում թեմային անդրադարձել է շուրջ 6 անգամ, որից առաջին հրապարակված նյութն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն է, որը, փաստորեն տեղ է գտել Վրաստանում գործող բոլոր ադրբեջանալեզու մեդիաներում:

Aktual.ge-ի նյութերից մեկը վերաբերում է ՌԴ-ի հայտարարությանն այն մասին, որ վերջիններս աշխատում են կրակի դադարեցման համաձայնության հասնելու համար, թեև նույն նյութի հիշեցման մեջ Ադրբեջանի ՊՆ-ի հայկական կողմին սադրանքի մեջ մեղադրելու մասին հայտարարությունն է: Կայքի մեկ այլ հոդված այն մասին է, որ «հայ զինծառայողները վախով ու խուճապով լքում են դիրքերը», և մյուսը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունն է, որում ասվում է. «Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Վրաստանում գործող երկլեզու՝ ադրբեջաներեն և վրացերեն լրատվական 24news.ge կայքը միայն նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի և Ադրբեջանի թեմայով շուրջ 17 նյութ է հրապարակել, որտեղ կրկին գերակշռում են Ադրբեջանի պաշտոնական տեղեկությունները: Կայքն անդրադարձել է հայկական կողմի զոհերի թվին և գերեվարված զինծառայողներին, այդ թվում նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցին, ինչպես նաև Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, թեև նյութը վերնագրել է՝ «Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Փաշինյանը զանգել է Պուտինին»: Հարկ է նշել, որ 24news.ge-ն վրացերեն թարգմանությամբ հրապարակել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունն այն մասին, թե «հայ զինվորականները խուճապահար փախչում են դիրքերից»: Կայքը հրապարակել է նաև Իլհամ Ալիևի՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանն ուղղված հայտարարությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի հայտարարությունը, իսկ ավելի ուշ անդրադարձել է ռուսական կողմի միջնորդությամբ կրակի դադարեցման համաձայնությանն ու ադրբեջանական կողմի զոհերի թվին:

24news.ge-ն անդրադարձել է նոյեմբերի 16-ի երեկոյան Երևանում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին: Հղում անելով հայաստանյան ԶԼՄ-ներին՝ կայքը գրում է՝ «բազմաթիվ մարդիկ են հավաքվել մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում։ Նրանք պահանջում են Փաշինյանի հրաժարականը՝ կապված ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցող զարգացումների հետ»: Հատկանշական է, որ 24news.ge-ն նոյեմբերի 17-ին «Փաշինյանը Զանգեզուրի միջանցքի բացման մասին փաստաթուղթ է ստորագրել» վերնագրով նյութ է հրապարակել՝ հղում անելով pastark.am կայքին, թեև հղումն ակտիվ չէ: