Ամանորին ընդառաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ կազմակերպվող հանդիպմանը ոչ բոլոր քաղաքական ուժերը կմասնակցեն։ Հանդիպման առիթը թեև ամանորն է, սակայն նախագահի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ միջոցառմանը կքննարկվեն նաև որոշ քաղաքական հարցեր և հանդիպումը նպատակ ունի նպաստել կողմերի միջև լարվածության մեղմացմանը։
Հանդիպմանը կմասնակցի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։
«Նախագահի ամանորյա հանդիպմանը կմասնակցի մեր ներկայացուցիչը և, ինչքանով գիտեմ, մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Օրակարգի մասին մասնակիցները կիմանան տեղում…»,- ասել է իշխող կուսակցության ներկայացուցիչ Գուրամ Մաչարաշվիլին։
Հայտնի է, որ ամանորյա միջոցառմանը ներկա են լինելու «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» և «Լելոյի» ներկայացուցիչները։
«Որքանով տեղյակ եմ՝ հանդիպումը չունի քաղաքական բովանդակություն, բայց այն կարող է օգտագործվել շփման և տեղեկատվության փոխանակման համար: Մենք, իհարկե, կօգտվենք դրանից և կորոշենք, թե ով է գնալու այս միջոցառմանը»,- ասել է «Ռազմավարություն Աղմաշենեբելիի»-ի ղեկավար Պաատա Ջիբլաձեն։
«Լելո» կուսակցությունից հայտնել են, որ նրանց ներկայացուցիչն անպայման ներկա կգտնվի միջոցառմանը։
«Կարծում եմ, որ սա կարևոր հանդիպում է, և կարևոր է մեր և մյուս ընդդիմադիրների մասնակցությունը այս հանդիպմանը: Թեև չեմ կարծում, որ այս հանդիպումից կստանանք կոնկրետ գործողությունների ծրագիր»,- ասել է «Լելո» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին։
Միջոցառմանը կմասնակցի նաև նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը։
Հանդիպմանը չեն մասնակցի «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների ներկայացուցիչները։
«Շնորհակալ եմ Սալոմե Զուրաբիշվիլիին հրավերի համար, բայց քանի որ ամանորի գիշերն է, հասկանալի պատճառներով չենք կարողանա մասնակցել հանդիպմանը, կմասնակցենք առաջիկայում կայանալիք մյուս հանդիպումներին»,- ասել է ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան։
«Շատ շնորհակալ եմ նախագահին, այս ժեստը հասկանալի և գնահատելի է… Ցավոք սրտի, մենք այսօր չունենք այն իրականությունը, որ ես կարողանամ շամպայն խմել «Վրացական երազանքի»-ի ներկայացուցիչների հետ… Բայց թող սա չդիտվի որպես նախագահի հրավերի մերժում, ընդհակառակը, ես անհամբեր սպասում եմ գործընթացների վերաբերյալ նրա կարծիքին, և ես կգնամ ցանկացած ձևաչափով հանդիպման՝ այս հարցի շուրջ խոսելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էլենե Խոշտարիան։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո Վրաստանում քաղաքական ուժերի միջև հարաբերությունները սրվեցին։ Այս ֆոնին հոգևորականները և քաղաքական գործիչները սկսեցին խոսել հաշտեցման մասին։
Առաջիններից մեկը, ով խոսեց համընդհանուր հաշտեցման անհրաժեշտության մասին, Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզն էր։ Մետրոպոլիտ Նիկոլոզի կարծիքով՝ քաղաքական գործիչների հաշտեցումը միակ տարբերակն է ստեղծված իրավիճակին լուծում տալու համար։
Ներքաղաքական հաշտեցման հարցը կրկին արդիական դարձավ Ջո Բայդենի կազմակերպած ժողովրդավարության առցանց գագաթնաժողովում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի արած հայտարարությունից հետո, երբ նա նշեց, թե որպես Վրաստանի նախագահ, խոստանում է երկրում սկսել հաշտեցման գործընթաց։
«Ես՝ որպես երկրի նախագահ, նմանատիպ պարտավորություն եմ ստանձնել, և սա կառավարության պարտավորությունը չէ, սա իմն է, սա հաշտեցման, ճշմարտության և արդարության հաստատման սկիզբն է։ Սա այն ճանապարհն է, որով անցել են մի քանի երկրներ։ Ըստ իս՝ սա խիստ կարևոր է Վրաստանի համար, այն ապագայի համար, որը ցանկանում է տեսնել ինչպես մեր ժողովուրդը, այնպես էլ Եվրոպան»,- հայտարարել է նախագահը։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր