Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ՆԱՏՕ-ի հավատարմությունն է վերահաստատել 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշումների նկատմամբ՝ ի պատասխան Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության, թե ՆԱՏՕ-ն պետք է չեղյալ համարի գագաթնաժողովում Վրաստանի և Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին որոշումը։
«Ռուսաստանը ցանկանում է թելադրել այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ուկրաինան և Վրաստանը, թե ինչ ընտրություն կատարեն իրենց ապագայի վերաբերյալ: Ինչպես վերջերս Ռիգայում հայտարարեցին ՆԱՏՕ-ի արտգործնախարարները, մենք հավատարիմ ենք 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշումներին», — Twitter-ում գրել է Խավիեր Կոլոմինան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն զենք է մատակարարում Ուկրաինային ու Վրաստանին: Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն ագրեսիվորեն ընդլայնում է իր շահերի ուղեծիրը՝ ճնշում գործադրելով բալկանյան երկրների վրա։
Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր