Թբիլիսիի մետրոյի հին գնացքները կփոխարինվեն նորերով, վագոնների արդիականացումը նախատեսվում է առաջիկա 3 տարվա ընթացքում, այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։ Նախագծի համաձայն՝ նախատեսվում է ձեռք բերել 44 նոր վագոն, 11 գնացք, որը կկազմի մոտավորապես 49,2 մլն եվրո։
«Մետրոյի գնացքների, վագոնների նորացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել ԲԲԸ «Մետրովագոնմաշին»։
Ըստ նախագծի՝ նախատեսված է 44 նոր վագոնների (11 գնացքի) գնում, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 49,2 մլն եվրո։ Ծրագիրը իրականացվելու է 36 ամսվա ընթացքում։ Առաջին տարում կփոխարինվի 8 վագոն»,- հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Բացի այդ, Թբիլիսիի քաղաքապետարանի համաձայն, վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ նախատեսվում է առնվազն 10 մետրոյի կայարանի վերանորոգում․
«Նախատեսվում է Գուրամիշվիլի, Սադգուրի հրապարակի, Սարաջիշվիլի, Մարջանիշվիլի, Ազատության հրապարակի, 300 Արագվելի, Ռուսթավելի, Իսանի, Ծերեթելի և Նաձալադևի կայարանների վերանորոգում»։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր