Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը՝ սահմանն ապօրինի հատման գործով։ Այս գործի շրջանակներում կալանավորված է ևս երեք քաղաքացի՝ հայր և որդի Զուրաբ ու Շալվա Ծոծորիաներին և Էլգուջա Ցոմայային։
Սահմանի հատման գործով Սաակաշվիլիի դատն ընթանում է առանց նրա։
Ըստ Սաակաշվիլիի երեկվա հայտարարության` նա նիստին չի մասնակցում առողջական վիճակի պատճառով։
«Միակ պատճառը, որ ուզում էի անպայման գալ, այն էր, որ քաջալերեմ ու աջակցեմ մարդկանց, ովքեր ամիսներ շարունակ տառապում են իմ պատճառով։ Այդ մարդիկ պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադառնան իրենց ընտանիքներ»,- ասել է Սաակաշվիլին։
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ դադարեցնում է բոլոր բուժումները։
Սաակաշվիլիի խոսքով՝ իր բուժումը դադարեցնելու պատճառը եղել է իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելը։
Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ կշարունակի բողոքն այնքան ժամանակ, քանի դեռ Արդարադատության նախարարությունն ու քրեակատարողական ծառայությունը չեն կատարել Պետական տեսչության որոշումը։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր