Հայաստանում մշակվում է Վրաստանում հայոց լեզվի ուսուցիչների ատեստավորման համար նախատեսված հարցաշարը: Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ՀՀ-ում վրաց լեզու կուսուցանվի: Այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչների հարց ու պատասխանի ժամանակ ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Ազգային ժողովի պատգամավորներից Շիրակ Թորոսյանն՝ անդրադառնալով Վրաստանում հայոց լեզվի և գրականության ուսուցիչների ատեստավորման խնդրին, նախարար Վահրամ Դումանյանին հարցրեց, թե ի՞նչ փուլում է քննական հարցաշարի տրամադրումը։
«Մեր ենթակայության տակ գտնվող Գնահատման և թեսթավորման ազգային կենտրոնն արդեն ձեռնամուխ է եղել հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցիչների 100 հարցանոց հարցաշարի մշակմանը։ Եվ այն պատրաստ կլինի երեք ամսվա ընթացքում», — պատասխանել է Դումանյանը։
Դումանյանը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Հայաստանում մշակում են վրաց լեզվի չափորոշիչներ և ծրագրեր, և ակնկալվում է, որ սեպտեմբերից Հայաստանում վրացերեն կդասավանդվի։
Նշենք, որ Վրաստանում արդեն մի քանի տարի է ընթանում է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, ըստ որի առարկայական և մասնագիտական հմտություններ հաղթահարած ուսուցիչները ստանում են կոչում՝ հետևաբար նաև բարձր աշխատավարձ։ Այս ամենից, սակայն, զրկված են էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչների մայրենի լեզու և գրականություն առարկաների ուսուցիչները։
Այս խնդրին Վրաստանում բազմիցս անդրադարձել են ինչպես ադրբեջանական դպրոցի ներկայացուցիչները, այնպես էլ հայկական, ինչպես նաև բարձրաստիճան այրեր։
Հատկանշական է նաև այն, որ վերջին ժամանակներում կարծես նշմարվեց Վրաստանում հայերենի ուսուցիչների համար քննություն սահմանելու մասին խնդրի լուծումը։ Մասնավորապես, Հայաստանի և Վրաստանի կրթական ոլորտի ներկայացուցիչները հուշագիր ստորագրեցին, ըստ որի, վրաստանյան ներկայացուցիչները կկազմակերպեն որակավորման քննություններ հայերենի ուսուցիչների համար՝ հայաստանյան կոլեգաների օգնությամբ։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր