Մենք պետք է կրկնապատկենք Վրաստանի ռազմական և տնտեսական աջակցությունը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Քինզինգերը:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է անցկացնում ԱՄՆ-ում: Պատվիրակության անդամները հանդիպել են կոնգրեսական Ադամ Քինզինգերի հետ, ով թվիթերում արձագանքել է վրացի քաղաքական գործիչների հետ զրույցին։
«Արդյունավետ ու սթափեցնող հանդիպում ունեցա մեր լավ դաշնակցի՝ Վրաստանի պատվիրակության հետ։ Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինային սպառնացող վտանգը՝ մենք պետք է կրկնապատկենք մեր ռազմական և տնտեսական աջակցությունը Վրաստանին։ Վրաստանի մեկ երրորդը օկուպացված է Ռուսաստանի կողմից»,- գրել է Քինզինգերը։
Կոնգրեսական Դոն Բեիկոնը, իր հերթին արձագանքել է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը՝ գրելով.
«Ես հանդիպել եմ Վրաստանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ռուսաստանից ինքնիշխան պետություններին պաշտպանելու ռազմավարությունը։ Պատժամիջոցները բավարար չեն. մենք պետք է զինենք մեր գործընկերներին, քանի դեռ ուշ չէ․ ներխուժումը [Ռուսաստանի] թանկ է արժենալու»,- գրել է Բեիկոնը։