Ռուսաստանը Հարավային Օսիայում ապրող իր թոշակառու քաղաքացիներին հավելյալ թոշակ կտա, եթե նրանց թոշակի չափը չհամապատասխանի Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգում հաստատված միջին թոշակի չափին: Այս մասին նոյեմբերի 25-ին համապատասխան համաձայնագիր են կնքել Հարավային Օսիայի փոխվարչապետ Էրիկ Փուխաևը և ՌԴ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Մաքսիմ Տոպիլինը, փոխանցում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը:
Նշվում է, որ այժմ Հարավային Օսիայում ապրում է Ռուսաստանի 600 քաղաքացի, ովքեր ռուսաստանյան անձնագիր ունեն, սակայն ՌԴ տարածքում գրանցման վայր չունեն:
Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականի մարտի 18-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը ստորագրել էին Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև համագործակցության և ինտեգրացիայի մասին պայմանագիր, որն ուժի մեջ մտավ 2015թ. հուլիսի 30-ին: Փաստաթղթով նախատեսվում է բաց սահմաններ, թոշակների և աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև Հարավային Օսիայի անվտանգության ապահովում առանց ՌԴ կազմի մեջ մտնելու: Այն ժամանակ Վրաստանում սա աղմուկ բարձրացրեց, վրաստանյան կողմը ևս մեկ անգամ հայտարարեց, որ սա միջազգային իրավունքի խախտում է:
Հավելենք նաև, որ նոյեմբերի 25-ին Հարավային Օսիայի կառավարությունը հաստատել է 2017 թվականի բյուջեի նախագիծը, որով պետության բյուջեի 89.6% շահույթը կազմվում է ՌԴ-ից ֆինանսական օգնության միջոցով: