Վրաստանում այսօրվանից՝ դեկտեմբերի 6-ից, հնարավոր է «AM» կատեգորիայի տրանսպորտային միջոցների գրանցումը և վարորդական իրավունքի վկայական ստանալը։ Այս մասին հայտնել են Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ)։
«AM» ենթակարգը միավորում է մոպեդները և թեթև քվադրիցիկլները:
Ներկայում այդ տրանսպորտային միջոցների գրանցումն ու վարելու իրավունք ստանալը կամավոր է, սակայն 2022 թվականի մարտի 28-ից այս ընթացակարգը կդառնա պարտադիր։
«AM» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու տարիքային շեմ է սահմանվել 16 տարեկանը։ Մոպեդներ և թեթև քվադրիցիկլներ վարելու իրավունք ստանալու համար անհրաժեշտ է անցնել միայն տեսական թեստ։ Առաջին անգամ տեսական քննության ընդունելության ժամանակ շահագրգիռ անձինք ամբողջությամբ ազատվում են ընդունելության քննության վճարից։ «AM» կատեգորիայի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի տեսական թեստը հնարավոր է հանձնել առանց հերթում տեղ ամրագրելու»,- պարզաբանված է ՆԳՆ հաղորդագրությունում։
Ըստ նախարարության, ցանկացած կատեգորիայի (ենթակարգ) միջոց վարելու իրավունք ունեցող անձը ավտոմատ կերպով իրավունք ունի վարել «AM» կարգի տրանսպորտային միջոց։
ՆԳՆ-ի տվյալներով՝ մինչև 2022 թվականի փետրվարի 26-ը «AM» կատեգորիայի տրանսպորտային միջոցների գրանցման համար օրենքով սահմանված վճարը կնվազի։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր