Ֆրանսիայի Բորդո քաղաքում 2017 թվականը կհայտարարվի Վրաստանի տարի` որպես երկիր, որ համարվում է գինու հայրենիք, ունի հնագույն ավանդույթներ, -ասված է երկրի Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայում համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան և Գինու մշակույթի ֆրանիսական հիմնադրամի նախագահ Սիլվի Կազին: Վրաստտանը լինելու է Ֆրանսիայում բացվող Գինու և քաղաքակրթության կենտրոնի առաջին պատվավոր հյուրը, ինչպես նաև գինեգործությանը նվիրված «Խաղողի այգի- Վրաստան» մեծամասշտաբ ցուցահանդեսի կազմակերպիչը: Ցուցահանդեսը բացվելու է 2017-ի ամռանը, տևելու է մեկուկես ամիս:
«Սա կարևոր և պատմական իրադարձություն է, քանի որ Վրաստանը համարվում է գինու օրրանը: Պետք է ասեմ, որ դա չի լինի միայն ցուցահանդես: Զուգահեռաբար կանցկացվեն համտեսումներ, համաժողովներ, սեմինարներ, մշակութային տարաբնույթ ձեռնարկներ, ինչը մեր հասարակությանը հնարավորություն կտա ավելի մոտիկից ծանոթանալ վրացական գինուն և հրաշալի երկրին»,-ասել է Կազին:
Գինու և քաղաքակրթության կենտրոնը Ֆրանսիայում կբացվի այս տարվա մայիսին: Հիշեցնենք` Բորդոն Ֆրասնիայի ամենախոշոր քաղաքներից է, ունի պատմամշակութային հսկա ժառանգություն, Յունեսկօն քաղաքի մի մասը ճանաչել է որպես համամարդկային ժառանգություն: