Վրաստանում պատվաստմանը դեմ լինելու պատճառները

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալու դժկամության ամենատարածված պատճառն առողջության հետ կապված խնդիրների վախն է։  Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից անցկացված հետազոտության արդյունքները։ 

Հետազոտության շրջանակներում հուլիս-հոկտեմբեր ամիսներին Վրաստանի քաղաքներում և գյուղերում բնակվող շուրջ 2 հազար ընտանիքների հետ հարցումներ են անցկացվել։ 

Չպատվաստված հարցվածների

  • 36.8%-ը պատվաստումից իրենց հրաժարումը բացատրել է «հնարավոր կողմնակի ազդեցություններով» 
  • 35,8%-ը համաձայն չէ պատվաստմանը` կարծելով, որ պատվաստանյութը շատ արագ է մշակվել և բավականաչափ փորձարկված չէ, 
  • 32,1%-ը նշել է, որ պատվաստումներից հրաժարվելու հիմնական պատճառն առկա առողջական խնդիրներն են, 
  • 13,9%-ը չի վստահում կոնկրետ ապրանքանիշերի պատվաստանյութերին, 
  • 12,4%-ը կարծում է, որ պատվաստանյութը հանգեցնում է մահվան կամ անպտղության, 
  • 8,6%-ը նշել են, թե ալերգիա ունեն որոշ դեղամիջոցների նկատմամբ, 
  • 7,9%-ը չի ցանկանում պատվաստվել, քանի որ կարծում է, թե պաշտպանված է COVID-19 հիվանդության ժամանակ ձևավորված իմունիտետով։ 
  • 4,6%-ը կարծում է, որ COVID-19-ի վտանգը չափազանցված է, 
  • 2,6%-ը կարծում է, որ պատվաստանյութը փորձարկվում է բնակչության շրջանում, 
  • 0.1%-ը բացատրում է, որ պատվաստումը դեմ է իրենց կրոնական համոզմունքներին: 

Հարցման մասնակիցների ավելի քան 50%-ը, ովքեր արդեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ կամ որոշել են մոտ ապագայում պատվաստվել, նախընտրում են ամերիկյան Pfizer ընկերության և նրա գերմանական գործընկեր BioNTech-ի դեղամիջոցը։ 

Հարցվածների 31,9%-ն ընտրել է չինական Sinopharm դեղամիջոցը, իսկ 12%-ը՝ Sinovac-ը։ 

Հարցվածների միայն 3,1%-ն է պատվաստվել կամ պատրաստվում է պատվաստվել բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության կողմից ստեղծված AstraZeneca-ով։ 

Կողմնակի ազդեցություններ են ունեցել հարցվածների 37,2%-ը, ովքեր ստացել են կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին։  Հարցման համաձայն՝ բոլոր դեպքերը վերաբերում են աննշան հետևանքների, ինչպիսիք են գլխացավը կամ հոգնածությունը։

Մասնավորապես.

  • 38,6%-ն ունեցել է հոգնածություն, 
  • 33%-ը՝ տեղային ցավ, 
  • 30,2%-ը՝ ջերմություն, 
  • 27,9%-ը՝ հոդացավ,
  • 16,9%-ը՝ գլխացավ,
  • 12,6%-ը՝ մկանային ցավեր,
  • 7,1%-ը՝ արյան բարձր ճնշում։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր