Այրվել է Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու դուռը

Նոյեմբերի 26-ի լույս 27–ի գիշերը Թբիլիսիի 14-րդ դարի Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական   եկեղեցում հրդեհ է բռնկվել:  Հրդեհի հետևանքով այրվել է եկեղեցու միակ կանգուն պատի՝ երբեմնի կենտրոնական մուտքի դուռը: 15271284_1212556248820573_534381471_o
15225398_1212555415487323_1227168122_o

Նոյեմբերի 27-ին եկեղեցու տարածքում աշխատող աշխատակիցներին հակաճառում ու այրված դռանը մոտենալ չէր թողնում մի կին, ում հետ զրույցում AliQ-ը պարզեց, որ նա անօթևան է, հրաժարվել և պարբերաբար հրաժարվում է պետության հատկացրած հանրակացարանից, քանի որ այն քաղաքից դուրս է գտնվում:

Ինքը` կինը, (չցանկացավ ներկայանալ) ապրում է փլուզված եկեղեցում: Ինչպես խոստովանեց նա, հրդեհն, ամենայն հավանականությամբ, բռնկվել է իր վառած կրակից:

15231550_1212556285487236_1170375601_o«Եկեղեցու տարածքը մաքրել եմ, երեկոյան գալիս եմ այստեղ գիշերում, ջուր բերում, ուտելիք եմ պատրաստում: Երեկոյան կրակ վառեցի ջուրը տաքացնելու համար, հետո հանկարծ աչքս կպավ: Երբ արթնացա՝ իրերիս մի մասն արդեն այրվել էր»:

Դեպքի կապակցությամբ AliQ-ը հեռախոսազրույց ունեցավ  Վիրահայոց թեմի մամուլի խոսնակ Սուսաննա Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց. «Վիրահայոց թեմի առաջնորդը վաղ առավոտյան մեկնել է եկեղեցի և անձամբ ծանոթացել իրավիճակին: Ամենայն հավանականությամբ, հրդեհի պատճառը տարածքում ապրող անօթևան մարդկանց անուշադիր վերաբերմունքն է:  Հարցն ուսումնասիրվում է»,— հայտնեց Սուսաննա Խաչատրյանը:

Խաչատրյանը պարզաբանեց նաև, որ եկեղեցին ցանկապատված է, սակայն անօթևանները կարողացել են ինչ-որ անցք գտնել և ներս մտնել:

AliQ-ը կապ հաստատեց նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հետ, որտեղից նշեցին, որ  հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 118-րդ հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ անուշադրության պատճառով գույքի ոչնչացում:

Հիշեցնենք, որ Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին Վրաստանի հայտարարած վիճահարույց եկեղեցիների թվում է:  2009 թվականից կիսախարխուլ է,  Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության հաշվեկշռում է:

Թողնել պատասխան