COVID-19-ի նոր, չափազանց արագ տարածվող մուտացիաների ու ամբողջ աշխարհում արագորեն տարածվելու մասին խոսում են գիտնականները, կառավարություններն ու լրատվամիջոցները։
Վիրուսի նոր շտամը սկզբում հայտնաբերվել է Աֆրիկյան մայրցամաքում, այնուհետև տարածվել է եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև Իսրայելում, Ավստրալիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։
Տվյալների սակավության պատճառով այս փուլում ոչ ոք չի կարող հստակ ասել, թե որքանով է վտանգավոր «Օմիկրոնը», սակայն մի կողմից փորձագետների անհանգստության պատճառով, մյուս կողմից՝ իրենց ապահովագրելու համար շատ երկրներ ունեն և արդեն իսկ կիրառել են լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ նոր շտամի դեպքերը, ըստ երևույթին, աճում են Հարավային Աֆրիկայի բոլոր նահանգներում: Այս երկրի բնակչության միայն 24%-ն է ամբողջությամբ պատվաստված։
Ըստ ԱՀԿ-ի, «Օմիկրոն» (B.1.1.529) շտամը սկզբնապես հայտնաբերվել է նոյեմբերի 9-ին հավաքված նմուշների մեջ: Այս շաբաթ նոր շտամը գնահատվել է նույն կազմակերպության կողմից որպես մտահոգություն առաջացնող տարբերակ:
Ամենախնդրահարույց դետալը, որը գրավել է գիտնականների ուշադրությունը, շտամի մուտացիաների քանակն է։
Հարավաֆրիկյան համաճարակաբանական գործակալությունը նշում է, որ նոր տարբերակն ունի ընդհանուր առմամբ 50 մուտացիա։
Շոշափուկի սպիտակուցի մուտացիան կարող է ազդել վիրուսի տարածման և բջիջը վարակելու կարողության վրա, սակայն այն նաև դժվարացնում է իմունային համակարգի պայքարը վիրուսի դեմ:
Այնուամենայնիվ, մուտացիայի գործոնը տեսականորեն կարող է նպաստել շտամի արագ տարածմանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ այն շատ ավելի վարակիչ է և վկայում է կարճաժամկետ կտրվածքով Հարավային Աֆրիկայում վիրուսային վարակի արագ աճի մասին:
Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիան BBC-ին հայտնել է, որ մինչ այժմ երկրում հայտնաբերված դեպքերը լուրջ չեն, չնայած ուսումնասիրությունները դեռ շատ վաղ փուլում են։
Կորոնավիրուսի նոր տարբերակի հայտնաբերումից հետո Իսրայելի կողմից սահմանվել են ճանապարհորդության ամենախիստ սահմանափակումները։
Նոր սահմանափակումների համաձայն, որոնք ուժի մեջ են մտել նոյեմբերի 28-ի գիշերը, օտարերկրացիների մուտքը երկիր կարգելվի 2 շաբաթով, բացառությամբ այն դեպքերի, որոնք կպահանջեն Իսրայելի իշխանությունների նախնական համաձայնությունը։
Միևնույն ժամանակ, երկիրը խստացնում է կարանտինային միջոցառումներն արտերկրից վերադարձող իր քաղաքացիների համար։ Նրանք ամեն դեպքում պետք է մնան կարանտինում 3 օր՝ անկախ պատվաստման կարգավիճակից։
Նոյեմբերի 27-ին Ամստերդամի օդանավակայանում ստեղծված քաոսային իրավիճակը եվրոպական մայրցամաքում «Օմիկրոն» շտամի հայտնվելուն հաջորդած անհանգստության առաջին դրսևորումներից էր։
Հարավային Աֆրիկայից Նիդեռլանդներ երկու թռիչքների ավելի քան 500 ուղևոր ստիպված է եղել ժամեր անցկացնել նախ ինքնաթիռներում, ապա գերբեռնված ավտոբուսներում և սպասասրահներում։
Եվրամիությունը ճանապարհորդական սահմանափակումներ է մտցրել հարավաֆրիկյան յոթ երկրների համար։ Դրանք ներառում են Բոտսվանան, Էսվանտինը, Լեսոտոն, Մոզամբիկը, Նամիբիան, Հարավային Աֆրիկան և Զիմբաբվեն:
Նմանատիպ որոշում են կայացրել Հարավային Կորեան և ԱՄՆ-ն, որոնք ցուցակում ավելացրել են Մալավին, մինչդեռ Միացյալ Թագավորությունը նմանատիպ սահմանափակումներ է տարածել Զամբիայի և Անգոլայի վրա:
Վրաստանը ևս սահմանափակումներ է կիրառել մի շարք երկների հանդեպ։ Մասնավորապես, նոյեմբերի 28-ից սկսած ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, ով վերջին 14 օրվա ընթացքում մեկնել է Հարավային Աֆրիկա, Բոտսվանա, Զիմբաբվե, Նամիբիա, Լեսոտո, Էսվատին (Սվազիլենդ), Մոզամբիկ, Մալավի՝ Վրաստան մուտք գործելիս պետք է 14 օր մեկուսանա կարանտինային հատուկ տարածքում։ Իսկ 14 օրյա կարանտինի ավարտից հետո մեկուսացված անձինք կանցնեն ՊՇՌ հետազոտություն։
Վրաստանի քաղաքացիների դեպքում կարանտինային հյուրանոցի և ՊՇՌ հետազոտության ծախսերը հոգում է պետությունը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ քաղաքացին։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր